Չկա հիվանդանոց, չկա պրոբլեմ. Արսեն Թորոսյանը մարզային հիվանդանոցների խնդիրները «լուծում» է դրանք փակելով.tert.am

 

tert.am-ը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային բժշկական կազմակերպությունների բազմաթիվ խնդիրները միանգամից լուծելու հետաքրքիր եղանակ է գտել. նա փակում է այդ հիվանդանոցները:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Պատասխանն ավելի քանի պարզ է, որովհետև այդպես ավելի հեշտ է: Չկա հիվանդանոց, չկան պրոբլեմներ:

Ահա այդ «քաղաքականության» օրինակներից է Մարալիկի ծննդատունը փակելու որոշումը: Սկզբից կփակվի ծննդատունը, հետո մնացած հիվանդանոցային ծառայությունները և, արդյունքում, Մարալիկ համայնքը կունենա ընդամենը մի փոքր առաջնային օղակի բուժհիմնարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարևոր չէ, որ հազարավոր բնակիչներ հիվանդանոցային բուժսպասարկման համար տասնյակ կիլոմետրեր պիտի կտրեն, հասնեն Գյումրի: Կարևոր չէ, որ Շիրակի մարզում աղքատության ցուցանիշն ամենաբարձրն է և այդ մարդկանց համար լրացուցիչ ծախսեր են առաջանում՝ մեծացնելով առանց այն էլ դժվար տանելի ֆինանսական բեռը: Այդպես ավելի հեշտ է: Ավելի հեշտ, քան Մարալիկի ու բազմաթիվ այլ մարզային հիվանդանոցների համար բժշկական անձնակազմ ապահովելն ու խնդիրները լուծելը:

Պատճառաբանում են, թե Մարալիկում բժիշկներ չկան, որ ծնունդները քիչ են և այնտեղ ծննդաբերելը ռիսկային է մայրական և նորածնային մահացության տեսանկյունից: Կառավարության անդամներից որևէ մեկը հարցրե՞լ է Արսեն Թորոսյանին, թե ի՞նչ է արել նա` որպես նախարար, որ Մարալիկը բժիշկներ ունենա: Ի՞նչ պետական ծրագիր կամ մոտիվացիոն մեխանիզմ է ներդրել, որ Մարալիկում աշխատելը հրապուրիչ դառնա: Թե նախարարի կարծիքով՝ Առողջապահության նախարարության գործը միայն բյուջեի փողը բաժանելն ու ոլորտից անտեղյակ մարդկանց գործի տեղավորելն է:

Երբեմն այս կամ այն հարցը «սղղացնելու» համար Արսեն Թորոսյանը եվրոպական զարգացած երկրների, Նորվեգիայի ու Ֆինլանդիայի օրինակն է բերում: Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է, թե ինչո՞ւ Նորվեգիայի ու Ֆինլանդիայի օրինակով հեռավոր համայնքներում աշխատել համաձայնված մասնագետներին մեկ երրորդով ավելի չի վճարում, քան մայրաքաղաքի բժշկին:

Ինչո՞ւ է պետպատվեր ծառայությունների փոխհատուցման գներն այնպես սահմանել, որ շահեն բացառապես Երևանի ու մի քանի խոշոր քաղաքների հիվանդանոցները: Եթե ուզում ենք մարզերում բժիշկներ ունենալ, միայն հիվանդանոց նորոգելով ու մի երկու սարք առնելով չի ստացվի: Առանց բժիշկ ոչինչ չի ստացվի:

Պետք է անել այնպես, ինչպես անում է ողջ քաղաքակիրթ աշխարհը, ըստ այդմ՝ բժիշկն ինչքան հեռու է աշխատում մայրաքաղաքից ու խոշոր քաղաքներից, այնքան ավելի շատ է վարձատրվում: Սա է խնդրի բազմաթիվ լուծումներից մեկը:

Լուծման շատ այլ տարբերակներ էլ կան, բայց դրանք իրականցնելու համար կամք ու գիտելիք է պետք: Բժշկի աշխատանքը գնահատելու, արժեքը հասկանալու համար կյանքում գոնե մեկ անգամ սպիտակ խալաթ հագած ու գոնե մեկ հիվանդ բուժած ոլորտի ղեկավար է հարկավոր:

Առողջապահության նախարարն ասում է՝ Մարալիկում ծննդաբերելը վտանգավոր է: Բայց եթե նայենք վիճակագրությունը, թե վերջին տարիներին մայրական մահերից քանիսն են եղել Երևանի ծննդատներում և քանիսը մարզերում, կտեսնենք հակառակ պատկեր: Եվ դրանցից ոչ մեկը, փառք Աստծո, Մարալիկում չի եղել: Մայրական մահացության ամենաղմկահարույց վերջին դեպքերը գրանցվել են Շենթագվիթ բժշկական կենտրում և Հանրապետական ծննդատանը:

Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչ հանգամանքներում ու անտարբերության ինչ պայմաններում տարիներ առաջ մահացան Մերի Մարգարյանն ու նրա նորածինը: Իսկ ի՞նչ արեց առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը՝ ոչինչ:

Պատեհ առիթ է Արսեն Թորոսյանին հիշեցնելու, որ Հայաստանը միայն Երևանը չէ, ինքն էլ միայն Երևանի առողջապահության նախարարը չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով