Բաղանիսում դժգոհ են…

Դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ Տավուշի մարզ։ Բաղանիսում մի խումբ մտահոգ բնակիչներ Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն էին ներկայացրել համայնքի դպրոցի տնօրենի ընտրության հարցը։ Ինչպես երևում է մի շարք տեսանյութերում՝ Փաշինյանը զայրանում է, երբ բնակիչները պահանջում են, որ դպրոցի տնօրենը լինի տեղացի։

Փաշինյանի զայրույթն ու բացասական արձագանքն այնքանով տեղին չէր, որ նա լինելով նախկին լրագրող, իրավունք չուներ առանց խնդրին ծանոթանալու՝ բնակիչներին կոպիտ պատասխանել։ Բաղանիսցիների մտահոգությունն ու բարձրացրած հարցը մեծ կարևորություն ուներ, ուստի վարչապետը ոչ միայն պիտի լսեր, այլև հրահանգեր մարզպետին ու համապատասխան մարդկանց զբաղվել խնդրով։ Համայնքի բնակիչներից լավ ոչ ոք չի տիրապետում դպրոցում տիրող իրավիճակին։ Ամեն մեկը մի զավակ ունի դպրոց հաճախող։ Դժգոհությունների ալիքն այնքան է հասունացել, որ դուրս է եկել դպրոցի պատերից։ Նախ՝ կոլեկտիվում չկա համերաշխություն, երկրորդ՝ աշակերտներն են դժգոհ տնօրենի թեկնածուից, ով նաև ֆիզիկա առարկա է դասավանդում դպրոցում։ Գյուղացիները տնօրենի թեկնածու Սիլվա Իսրայելյանին մեղադրում են նախկինում դպրոցի տնօրեն աշխատած, միակ պատմության մասնագետ Սամվել Ալավերդյանի աշխատանքից հեռացման հարցում։ Ասում են, որ հենց նրա բազմաթիվ բողոքների արդյունքում էր,որ մարզպետը կանչել էր իր մոտ տնօրենին և հորդորել աշխատանքից հեռացման դիմում ցրել։ Դպրոցն այդ օրից կորցրել է իր կարգապահությունը, կրթական մակարդակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ աշակերտների ծնողները հայտնեցին, որ թեկնածուն որպես մանկավարժ չի կատարում իր պարտականությունները, դասի ժամանակ ընտանեկան հարցեր է լուծում բջջային հեռախոսով, շատ կոպիտ անձնավորություն է և աշակերտների հետ վարվելաձև չունի։ Իրենք նշում են, որ հարկ եղած դեպքում փաստերով կապացուցեն, թե որ երեխայի նկատմամբ ինչ կոպիտ պահվածք է դրսևորել, վիրավորել, նույնիսկ ստորացրել։ Նրանք վարչապետ Փաշինյանի վերաբերմունքից վիրավորված էին, սակայն հայտնեցին, որ պայքարելու են մինչև վերջ, նույնիսկ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկելու, մինչև այդ հարցը լուծում չստանա իրենց ուզածով։
Ապրելով սահմանին, անտեսված լինելով շատ-շատ հարցերում, գոնե իրենց գյուղի դպրոցի, իրենց երեխաների կրթօջախի հարցը պիտի լուծվի հենց իրենց ուզածով։ Ծնողներից մեկն էլ այսպես խոսեց. «Երբ թուրքը կրակում է՝ մեր երեխաները սթրես են ապրում։ Երկրորդ սթրեսը ստանում են այդ ուսուցրուհու դասերին։ Մենք թույլ չենք տա, որ նա ուսմասվարից տնօրեն դառնա։ Դա բացառվում է»։

Աննա Սահակյան

iravunk.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով