Նիկոլ Փաշինյանը փակում է ԱԱԾ-ն.168.am

168.am-ը գրում է.

Իշխանությունը վերցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ վերաբերմունք էր ցույց տալիս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը։ Երկու կարևոր հանգամանք էին միախառնվել ստեղծված այսպիսի իրավիճակի համար․ մի կողմից Նիկոլ Փաշինյանը լավ չէր պատկերացնում պետական տարբեր կառույցների դերը, նշանակությունն ու գործառույթները, և ԱԱԾ-ն ընկալում էր որպես մոնստր կառույց, որը պետք է ամեն ինչում ներգրավված լինի, մյուս կողմից՝ նա փորձում էր օգտագործել հասարակության մեջ տարածված տարբեր միֆերը, վախերն ու բարդույթները, և մտայնությունը, որ բոլորը պետք է վախենան ԱԱԾ-ից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԱԾ-ին հանձնարարվում էր ասֆալտին փռել, պատերին ծեփել։ ԱԱԾ-ն փոխարինել էր ամբողջ իրավական համակարգին և կատարում էր իրեն ոչ բնորոշ գործառույթներ՝ կոռուպցիայի դեմ պայքարում ինչ-որ 800 հազար դրամի տնտեսական հանցագործություն բացահայտելուց մինչև տանիքի մակերեսի չափումներ, նրան քսի են տալիս ամեն առիթով ու նաև՝ անառիթ։ Բացի այն, որ սա պետական միջոցների ակնհայտ մսխում էր, երբ բարձրակարգ սպաներին ու օպերատիվ աշխատողներին օգտագործում էին սևգործ աշխատանքներում, այն նաև ԱԱԾ-ի վարկանիշի անկում էր բերում, քանի որ ստացվում էր, որ ԱԱԾ-ն ընդամենը ՀԴՄ կտրոն պահանջող է։

Սա հանգեցրեց մի պարադոքսալ իրավիճակի, երբ հասարակության զգալի մասի՝ պողոսների համար ԱԱԾ-ն դարձավ ամենասիրելի պետական կառույցը, իսկ ԱԱԾ ղեկավարը՝ երկրի ամենառեյտինգային գործիչներից մեկը։ Միաժամանակ, այն բնականորեն թուլացրեց ԱԱԾ-ն՝ զուտ ֆիզիկապես սահմանափակելով նրա հիմնական գործառույթի՝ երկրի անվտանգության ապահովման խնդիրների լուծման կատարումը։

Արժե վերհիշել ԱԱԾ-ի ընդգրկմամբ մի շարք սկանդալային դեպքեր, որոնք ցույց տվեցին այս կառույցի անպաշտպանությունը։ Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե մի շարք ֆեյքեր կեղծ լուրեր են տարածում, թե գազալացակայաններում գազի գինը բարձրացել է, և ԱԱԾ պետին հանձնարարեց վնասազերծել այդ ֆեյքերին, վերջինս հայտնվեց հիմար վիճակում՝ մի կողմից գազի գինը իսկապես բարձրացել էր, սակայն այդ մասին ֆեյքերը չէին գրում, մյուս կողմից՝ անհրաժեշտ էր կատարել շեֆի հանձնարարությունը, և նա ստիպված ինչ-որ «Դուխով Հայաստան» ֆեյք բռնեց, որը անշառ քննադատում էր իշխանություններին և բացառված չէ, որ հենց ԱԱԾ-ի ստեղծած ֆեյքն էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, ֆեյքերի վնասազերծման հետ կապված մեկ այլ սկանդալ տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ ԱԱԾ-ն բացահայտեց ինչ-որ ֆեյքի, ով ֆեյսբուքում իբր գրառում էր արել իրանա-ամերիկայն վերջին դեպքերի հետ կապված։ Բեմադրությունը չափազանց անհաջող էր։ Ոչ ոքի այն չհամոզեց, և դրա ողջ իմաստն այն էր, որ կարծիք ձևավորվեր, թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Հայաստանին թուլացնող ու վարկաբեկող հայտարարություններ են տարածում։ Իրականում, եթե այս գործողությունը ի սկզբանե բեմադրված էր, և ոչ թե ադրբեջանցիների արարքն էր վերագրվում Քոչարյանի կողմանիցներին, ապա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային անվտանգության արածը լրջորեն վնասեց Հայաստանի ազգային անվտանգությանը՝ մի որոշ ժամանակով Հայաստանի թշնամիների ձեռքը լուրջ հաղթաթուղթ դնելով։

ԱԱԾ-ին հիմար վիճակի մեջ դնելու մեկ այլ գործողություն էր ԱԱԾ գլխավոր վարչության նախկին պետի բացահայտումները ինչ-որ կորած փաստաթղթերի մասին․ իրականում այդպիսի տվյալներ բացահայտող անվտանգության բարձրաստիճան ԱԱԾ սպան կամ պետք է հայտնվեր հոգեբուժարանում, կամ բանտում, մինչդեռ պարզվեց, որ այդ գեներալ մայորը հավակնում է հրապարակայնորեն իր տարածած տեղեկությունների դիմաց ստանալ ԱԱԾ պետի պաշտոնը։ Սա արդեն նախկին քաղաքականության շնորհիվ ստեղծված իրավիճակի լուրջ բացահայտում էր, որը ցույց է տալիս անվտանգության վերաբերյալ իշխանության շրջանակներում տարածված խեղված պատկերացումները, և, ի վերջո, բացահայտում է երկրի անվտանգության համակարգում եղած լրջագույն բացերը։

Ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություն տալու մասին օրենքը և դրանով տեխնիկապես ԱԱԾ-ին այդ մենաշնորհից զրկելը իրականում կարևոր նշանակություն ուներ այն առումով, որ ստեղծվում էր նաև ԱԱԾ-ին գաղտնալսելու հնարավորություն։ Սրանով վերանում է ԱԱԾ-ի բացառիկությունը մի շարք կարևոր բնագավառներում։ ԱԱԾ-ն հերքեց լուրը, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել՝ առանց ներկայացնելու կոնկրետ ցուցանիշներ և մեթոդաբանություն, այդպիսով՝ կրկին հայտնվելով ոչ շահեկան լույսի ներքո։

Այս պայմաններում, երբ մի քաղաքացի մամուլում հայտարարում է, թե իրեն կանչել են ԱԱԾ և բացատրություն են պահանջել Նիկոլ Փաշինյանի մասին գրառման առիթով, արդեն ոչ ծիծաղելի է, ոչ էլ լրացուցիչ վարկաբեկում է ԱԱԾ-ին, այն ուղղակի նշանակում է, որ ԱԱԾ-ն նույնպես ներգարվվել է խոսքի ազատությունը ճնշելու գործընթացում որպես պարզ ու անարժեք մի գործիք։

Եվ, թերևս, ամենաբնութագրականը, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարեց գտնել սատանային Հայաստանում, շատերը այն գնահատեցին որպես հումոր (հաջող, թե անհաջող՝ դա այլ հարց է), բայց երբ Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը պաշտոնական հարցում է ուղարկում այս առթիվ ԱԱԾ-ին, իսկ վարչապետի թերթին ԱԱԾ-ն պարտավորված է զգում լուրջ պատասխան տալ, սա արդեն հումոր չէ, այլ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է առնում անվտանգության այս կարևոր կառույցը և խփում է նրա դագաղի վերջին մեխերը։

Արդեն նույնիսկ էական էլ էլ չեն այն լուրերի իսկությունը, թե պատրաստվում են ԱԱԾ կազմից հանել մի շարք կարևորագույն վարչություններ, որոնք, ըստ էության, ԱԱԾ գործառույթները կմոտեցնեն սիմվոլիկին, կարևոր էլ չէ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի զգուշացումը՝ կանգ առ։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերացնել Ազգային անվտանգության ծառայությունը, եթե ոչ դե ֆակտո, ապա դե յուրե, քանի որ այս կառույցը զուտ իր գործառույթների տեսնակյունից ունի ներքին տրամաբանություն և ծառայում է պետությանը, ինչը կարող է հակասության մեջ մտնել բարձր իշխանությունների ցանկության հետ։

Ի դեպ, այն որ ՍԴ դատավորներին վարկաբեկելու նպատակով ուժային կառույցների հետ գաղտնի հանդիպման մասին տեղեկատվությունը մյուս օրը տարածվեց մամուլով, խոսում է այն մասին, որ ԱԱԾ-ն իսկապես վատ է աշխատում։ Ի դեպ, այստեղ բերված մյուս դեպքերը հիմնականում վերաբերվում էին պաշտոնական հաղորդագրություններին ու հարցազրույցներին։ Մինչդեռ, լրատվամիջոցները տիրապետում են բազմաթիվ տեղեկատվական արտահոսքերի, որոնք ազգային անվտանգության մոտեցումներից ելնելով չեն հրապարակում։ Սա նշանակում է, որ հասարակությունն անցնում է ինքնապաշտպանության նաև այս բնագավառում՝ հույսը չդնելով Նիկոլ Փաշինյանի ստեղծած ԱԱԾ-ի վրա։

Իրականում մենք աստիճանաբար զրկվում ենք անվտանգության կարևոր գործառույթներ իրականացնող ինստիտուտից և աստիճանաբար դառնում մերկ ու անպաշտպան ներքին ու արտաքին տարբեր վտանգների հանդեպ։ Անվտանգության ծառայության երկու նախկին ղեկավարներ արդեն զգուշացրել են, որ արտասահմանյան տարբեր գործակալներ ուղղակիորեն սպառնում են մեր անվտանգությանը, և այս պայմաններում ԱԱԾ-ին նսեմացնելը նշանակում է անվտանգության նախընտրանքների փոփոխություն՝ հօգուտ դրսի ուժերի՝ ի հաշիվ Ազգային անվտանգության ծառայության, որոնք կարող են խանգարել այդ ուժերի գործունեությանը։

Աղասի Ենոքյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով