Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Դավիթ Հարությունյան

Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրա նկատմամբ անձեռնմխելիությունը գործում է ամբողջ ծավալով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:Նրա խոսքով՝ առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է, որը սահմանված է քրեական օրենսգրքի 309 հոդվածով: Հարությունյանն ասաց նաև, որ հաշվի առնելով, որ այս գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, պատասխանատուն նա է և շատ փոքր հույս ունի, որ գլխավոր դատախազը չի դառնա 309 հոդվածով կատարված հանցագործության   հանցակիցը: Նախկին նախարարը նաև վստահություն հայտնեց, որ փաստաբաններն այդ հարցը կարծարծեն:

«Այն, որ տվյալ պարագայում ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, դա միանշանակ է»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Դիտարկմանը, որ գործողությունները, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել, վերաբերում է Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակվա գործողություններին, Հարությունյանը պատասխանեց, որ անձեռնմխելիության ինստիտուտը ստեղծված է որպեսզի ապահովի դատարանի անկախությունը:«Եթե լիներ հակառակը, օրինակ, դատավորը նշանակվել է և անձեռնմխելիությունը, եթե վերաբերվեր  միմիայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր էր, հարցի էությունը կվերանար: Հենց որ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոն, անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ ինքը դատավորի պաշտոն էր զբաղեցնում, այլ ցանկացած նախորդող ժամանակահատվածի համար ևս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով