«Հանրությանը պետք է պատրաստել պատերազմի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը   հայտարարեց,որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը՝ ոչ:Նա նաև նշեց,որ հանրությանը պետք է պատրաստել պատերազմի, որովհետև թե՛ հոգեբանորեն, թե՛ տեղեկատվական, թե՛  սպասվող իրադարձությունների ընկալման տեսակետից հանրությունն այդ պատերազմի վտանգը չի տեսնում:

«Մեր իշխանություններն անընդհատ վստահեցնում են, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացները ժողովրդավարության այնպիսի մակարդակի են հասցրել մեր երկիրը, որ նման ժողովրդավարություն ունեցող երկրի վրա հարձակում պարզապես բացառված է ժամանակակից աշխարհում, և հենց դա են համարում անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը, ոչ թե բանակը, ոչ թե տնտեսության զարգացումը, այլ միջազգային հանրությունում Հայաստանի, այսպես կոչված, «ժողովրդավարական իմիջի» ընկալումը, որը պետք է ուժեղ փականներ դնի ցանկացած երկրի առջև, որը կցանկանա, կմտածի, որ կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, թե այդ տեսությանը՝ բացի իշխանություններից, որևէ մեկը չի կարող հավատալ, և այդ ժողովրդավարության ընկալումն էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է հանրությանը, բայց վերջին՝ արդեն գրեթե երկու տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում կա հանրության բավական մեծ զանգված, որը կուրորեն հավատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող ցանկացած խոսքի:

«Մինչդեռ եթե մենք նայենք Ադրբեջանի գործողություններին, կտեսնենք, որ վերջին գրեթե երկու տարում, մինչ մենք զբաղված էինք մեր ներքին խնդիրներով, Ադրբեջանը պարբերաբար մեկը մյուսից մեծ, մասշտաբային ռազմական զորավարժություններ է անցկացրել: Ամեն ինչ արել է՝ պատրաստվելու պատերազմին. թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և թե՛ ներքին պատրաստվածության գործողություններ»,-ասաց քաղաքագետը՝ հաստատելով քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի խոսքը, թե արցախյան բանակցային գործընթացում ստեղծվել է մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը և միջնորդները խոսում են մեկ լեզվով, և Հայաստանի իշխանությունները, կարծես թե, հայտնվել են այդ համագործակցության շրջանակներից դուրս, միջազգային հանրությունը հակադրվում է Հայաստանի պետական դիրքորոշմանը:

«Ադրբեջանը պարզապես օգտվել է այն փաստից, որ Հայաստանի նոր իշխանությունները գաղափար չունեին բանակցային գործընթացի տրամաբանությունից, գոյություն ունեցող վտանգներից, հնարավորություններից, և շատ արագ, առաջին հերթին Ադրբեջանը վերացրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները և դրանք փոխարինեց վերելակային ինչ-որ կարճ պայմանավորվածություններով: Ստեղծվեց իրավիճակ, երբ պատերազմի դիվանագիտական զսպման բոլոր մեխանիզմներից Հայաստանն այսօր զրկված է»,-նշեց քաղաքագետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապատրաստվում է, որ եթե պատերազմում հանկարծ ձախողեն, փոխարինող ունենա: Բնականաբար, իր ընտանիքից դուրս որևէ մեկի վրա չէր կարող հենվել, և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան է այն թեկնածուն, որը, հաջողելու դեպքում, կփոխարինի ամուսնուն»,-նշեց քաղաքագետը:

«Երբ համադրում ենք Ադրբեջանի ռազմական, ներքին ու դիվանագիտական պատրաստությունները, հասկանում ենք, որ վերջինս նախապատրաստվում է պատերազմի, Հայաստանը չի պատրաստվում: Հայաստանի իշխանությունները վաղուց չեն նայում, թե ինչ է տեղի ունենում շուրջը: Նիկոլ Փաշինյանի հայացքն ուղղված է բացառապես Հայաստանի ներքին զարգացումներին, նա չունի արտաքին ռիսկերի գնահատման մեխանիզմներ, չկա այդ օրակարգը Հայաստանի առջև դրված, չկա այդ ռիսկերին դիմակայելու տրամադրվածություն, անգամ գիտակցությունը չկա, որ պետք է պատրաստվել»,-ասաց Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, թե հանրությունը պետք է պատրաստվի, որովհետև, հակառակ պարագայում, հետևանքները լինելու են ողբերգական և չեն սահմանափակվելու, օրինակ, տարածքային կորուստներով:

Անդրադառնալով հարցին էլ, թե այդ պատերազմն ինչու մինչ օրս չկա, քաղաքագետն ասաց, թե պատճառն այն է, որ այն մարդիկ, որոնք հույս ունեն, թե կարող են պայմանավորվածություն ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ, գիտեն, որ նույն պայմանավորվածությունը չեն կարող ձեռք բերել հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության կարևորագույն ինստիտուտների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով