««Արա»-ն ո՞րն ա». Թիվ 114 դպրոցի տնօրենը՝ դպրոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում երեկ աշակերտներից մեկը դանակահարել էր մյուսին՝ վնասելով որովայնի առաջնային պատը և ազդրը: «Երեխան արդեն տանն է, իրեն նորմալ է զգում: Ջերմություն չուներ, խոսել եմ հետը»,- այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:

Նա պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դահլիճում՝ երկար դասամիջոցի ժամանակ: Ներկա է եղել ֆիզկուլտուրայի ուսուցիչը, սակայն միջամտել չի հասցրել: «Մեծ դասամիջոցն այն պահն է, որ երեխաները հանգստանում են, իջնում խաղում են, դաշնամուր են նվագում: Եվ վոլեյբոլ խաղալիս, երբ ներկա էր ուսուցիչը, գնդակով մեկը մյուսին է հարվածել: Ըստ երևույթին՝ հարվածն ուժեղ է ստացվել, նա էլ ասել է. «Ինչի՞ ես խփում… արա՛»: Մյուս տղան էլ, թե՝ «արա»-ն ո՞րն ա: Եվ…: Ուսուցիչն ասում է՝ վայրկյան է տևել, չհասկացա՝ ինչ կատարվեց: Շատ վատ բան է եղել, մոլորված վիճակում ենք»,- պատմեց տնօրենը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հաղորդեց, որ միջադեպի մասնակից աշակերտները զուգահեռ 11-րդ դասարաններում են սովորում, նախկինում շփումներ չեն ունեցել, դանակահարողն իր դասարանից չորս հոգու հետ է շփվել. նոր աշակերտ էր: «Նա փակ տղա է, բայց բոլորովին ճնշված չէր: Երբեմն, երբ մի դասից կարող է փախչեր, բերում էին ինձ մոտ, ասում էի. «Թասիբով տղա ես երևում, ամոթ չէ՞, այդպիսի բան ես անում», մանկավարժական մոտեցումներով փորձում էի տրամադրել, որ այլևս նման բան չանի: Չէի պատկերացնի, որ կարող է նման բան լինել: Հայրը Սպիտակում է աշխատում, այսօր իր հետ էլ եմ խոսել, ասել եմ, որ, կարծում եմ, շատ պիտի լինի որդու կողքին. անցումային տարիքն է: Ընդհանուր առմամբ պապաները տղաների հետ շատ պիտի խոսեն: Չի կարելի ամեն ինչ թողնել դպրոցի վրա: Երեխան եկել է դանակով: Ում հետ խոսում ես, առաջին հերթին իր իրավունքներն է մեջբերում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով