Ահազանգում են, որ դիրքապահ պայմանագրային զինծառայողներն ստացել են ընդամենը 4 000 դրամ պարգևավճար. Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` նշելով, որ ՀՀ կառավարությունն ամեն առիթով հայտարարում է, թե առաջնահերթ է համարում երկրի անվտանգությունը, սակայն դիրքապահ պայմանագրային զինծառայողներն ստացել են ընդամենը 4 000 դրամ պարգևավճար:

«Վերջին օրերին ինձ և գործընկերներիս ահազանգում են, որ դիրքապահ պայմանագրային զինծառայողներն ստացել են ընդամենը 4 000 դրամ պարգևավճար: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարությունն ամենաբարձր մակարդակով ամեն առիթով խոսում է առաջնահերթությունները չշփոթելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ առաջնահերթությունների առաջնահերթությունը տրվում է երկրի անվտանգությանը և բանակին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշեմ, որ այս առիթով ՀՀ ՊՆ-ն ևս հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից»:

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների, տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը:

«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված պարգևատրումները»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է, որ առաջնահերթությունը տրվում է իրենց տաքուկ գրասենյակում աշխատող, մի քանի հարյուր հազար դրամ պարգևավճար ստացող պաշտոնյաներին, ոչ թե դիրքապահ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, ովքեր իսկապես արժանի են խրախուսանքի և պարգևատրման: Այսպե՞ս ենք գնահատում առաջնահերթությունները, պարոնայք»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով