«Հիմա էլ երկրորդ կուտակային են փաթաթո՞ւմ մեր վզին».Վահան Բաբայան

«Նման բարեփոխումների Հայաստանը դեռ պատրաստ չէ: Գարդասիլի պատվաստումներից պրծանք, հիմա էլ երկրորդ կուտակային են փաթաթո՞ւմ մեր վզին»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկին, որով նախատեսվում է աշխատավարձի 6%-ը վճարել որպես առողջապահական հարկ, ասաց «Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը:

«Բոլորիս է պարզ, թե սա ինչ է՝ մեծ գումարներ հավաքագրելու, ժողովրդին հերթական անգամ կլպելու քաղաքական որոշում: Ներդրումներ չկան, ի՞նչ է պետք անել՝ բյուջեի ծախսերը հավասարակշռելու համար: Պետք է ժողովրդին կլպել: Ինչպե՞ս: Հեքիաթ են հնարում այն մասին, որ գրիպով հիվանդանալու դեպքում մեզ անվճար կսպասարկեն»,-համոզմունք հայտնեց Վահան Բաբայանը: Նա շեշտեց, որ անգամ զարգացած երկրներում նման հարկատեսակների ներդրումը լուրջ քննարկումների եւ խնդիրների տեղիք է տալիս. «Ի տարբերություն կուտակային կենսաթոշակի, որից հետո մենք օգտվելու ենք, այդ դեպքում ձեզանից գումար են վերցնում, եւ դուք դրանից կարող եք չօգտվել: Կամ, եթե Գավառում գրադարանավարը ստանում է 60 000 դրամ, նրանից ո՞նց եք 6% պարտադիր հարկ պահում: Գուցե նա չի ուզում դիմել առողջապահության պարտադիր ապահովագրման համակարգին, գուցե ուզում է սնխչու մոտ գնալ կամ յոգայի գնալ»: Վահան Բաբայանը նաեւ ասաց՝ առաջարկում է կառավարությանը, որպեսզի բոլորի աշխատավարձը բարձրացնեն 6%-ով եւ այդ գումարն ուղղեն առողջապահության ապահովագրությանը, սակայն, ըստ Վահան Բաբայանի, այդպես չեն անում, որովհետեւ ժողովրդին «կլպելու» նպատակ ունեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով