Թուրք–ամերիկյան շրջանակները «գունավոր» (կանաչ) հեղափոխություն են պլանավորում Հայաստանում.7or.am

Загрузка...

7or.am-ը գրում է

2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցած հեղափոխությունն անգույն էր։ Կա տեսակետ, որ այն բազմագույն էր։ Մի խոսքով, նման էր Փաշինյանին՝ առանց իզմերի ու դատարկ։

«Թավշյա» որակված հեղափոխության հիմնական փայատերերը երկուսն էին՝ փոփոխությունների կարիք զգացող հայ ժողովրդի մեծ մասն ու Արևմուտքը։ Նիկոլ Փաշինյանին այդ գործընթացում վերապահված էր քայլողի ու դիջեի դերը։ Մնացածն արել են սկզբում ամերիկացիները, հետո արդեն խրախճանքին միացած հպարտ քաղաքացիները։

Նիկոլը Գյումրիից քայլերթի էր դուրս եկել իր հաճախորդական գինը բարձրացնելու և հնդկական սերիալի սիրահարների համակրանքը շահելու համար, բայց հընթացս գործին միացան ՀՀ–ում արևմտյան հիմնադրամներով սնվողները, տարատեսակ փոքրամասնությունները և գործակալական ցանցերը, ու ամեն ինչ այլ կերպ գնաց, քան Նիկոլն էր սպասում։

Արդյունքում՝ տեղի ունեցավ իշխանափոխություն, որի կարգախոսը միավորում էր շատերին, բայց որի հետևանքը ատոմիզացրեց և թուլացրեց մեր պետությունն ու հասարակությունը։ Պատճառն այն է, որ Փաշինյանը հետ կանգնեց հեղափոխության օրերին հնչեցրած կարգախոսներից, դավաճանեց իր իսկ քարոզած արժեքներին ու գնաց սև–սպիտակային ճանապարհով։

«Կանաչ» հեղափոխության հնչեցվող («Ամուլսարն՝ առանց հանքի») ու չհնչեցվող («Հայաստանն՝ առանց Արցախի») կարգախոսները

Երբ տխրահռչակ «ծռիստ» Արա Պապյանը հայտարարեց, որ Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան Արցախինը, բավական անկեղծ էր։ Նա անկեղծորեն բացահայտեց, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում «բնապահպանական»՝ կանաչ շարժումը։

Նա բացահայտեց, որ իրենց համար կարևորը ոչ թե Ամուլսարի հարցն է, այլ իշխանության հարցը, իսկ իրենց տերերի համար կարևորը ոչ թե Հայաստանի բնությունն է, այլ Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերում «խուրդելու» և հարավկովկասյան տարածաշրջանը Ռուսաստանի փոխարեն Թուրքիայով լցնելու հարցը։ Ամուլսարն ընդամենը առիթ է։

Ամուլսարի հարցը ոչ թե բնապահպանական է, այլ ներքին ու արտաքին քաղաքական։

Եթե 1988–ին Աբովյանից մեկնարկած բնապահպանական շարժումն ի վերջո վերածվեց ազգային կոդով շարժման՝ հանգեցնելով անկախության ու Ղարաբաղյան հաղթանակի, ապա հիմա Ջերմուկից սկիզբ առած «կանաչ» շարժումն ապազգային կոդով է, և դա է պատճառը, որ ծովից ծով Հայաստան պահանջող թրքաբոլշևիկների համար Ամուլսարն ավելի կարևոր է, քան Արցախի հարցը։

ԱՄՆ–ի թուրքական լոբբիստները, որոնց ներկայացուցիչ Մեթյու Բրայզան (ի դեպ, նրա կինը թրքուհի է) հրապարակային դաշտում բավական ակտիվացել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, խնդիր են դրել Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխություն իրականացնել և «թավշյա» հեղափոխությունը դարձնել Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունների սցենարով, այսինքն՝ հակառուսական վեկտորով։ Եթե Հայաստանը հայտնվի այդ թակարդի մեջ, ապա դրա գինը սկզբնական փուլում լինելու է Արցախը, ապա՝ ՀՀ–ն։

Ուշադրությո՛ւն դարձրեք։ Նրանք, ովքեր ակտիվորեն քարոզում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ («ծռեր», արմանբաբաջանյաններ, «բնապահպաններ», Նիկոլի աբիժնիկներ և այլն), զուգահեռաբար ագրեսիվ հակառուսական քարոզ են տանում։ Սրանց հանքի հարցն ընդհանրապես չի հետաքրքրում։ Սրանք հանքի հարցը շահարկում են և թուրք–ամերիկյան շրջանակների «պասով» փորձում Հայաստանը դարձնել մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում։

Փաշինյանը պետք է հեռանա, բայց ոչ արևմտյան սցենարով

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու, և ինքը պահպանելու է նախորդ իշխանության գիծը (մասնավորապես՝ ԵԱՏՄ–ի ու ՀԱՊԿ–ի մասով), բայց իրականում փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները։

Նա չէր պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումն այդպիսի ռեակցիա կառաջացնի Կրեմլում, քանզի չէր հասկանում, որ ՀՀ 2–րդ նախագահը ԵԱՏՄ տարածքում նախագահների, այսպես ասած, ոչ ֆորմալ ակումբի անդամ է, և նրա դեմ ոտնձգությունը դասակարգային հակադրություն է առաջացնում ակումբի անդամ երկրների և Հայաստանի միջև։

Հայ–ռուսական հարաբերությունների վրա ազդեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ կատարվածը։

Ու եթե այս ամենին գումարում ենք այն, թե ինչ ճանապարհով է Փաշինյանը եկել իշխանության, ապա պարզ է, որ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ում, մեղմ ասած, չէին կարող հիացած լինել ՀՀ վարչապետով։

Փաշինյանը փորձեց իր սխալները փոխհատուցել և Պուտինին սիրաշահել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելով, բայց դա գրեթե ոչինչ չփոխեց Մոսկվայում, բայց փոխարենը մեծ զայրույթ առաջացրեց Վաշինգտոնում, որտեղ այլ հաշվարկներ ունեին նրա հետ։

«Թավշյա» հեղափոխության մեջ փայ մտած ԱՄՆ–ը հույս ուներ Փաշինյանի միջոցով լուծել հետևյալ խնդիրները.

1. զիջումներ Արցախի հարցում՝ բաց կոմունիկացիաների ու ֆինանսական աջակցության խոստման դիմաց,

2. հակառուսական ու հակաիրանական նախագծերում ՀՀ–ի ներգրավում,

3. ռուսական ռազմաբազայի դուրս բերում ՀՀ–ից ու արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություն («հրաժարվել պատմական կաղապարներից», ինչը նշանակում էր ռուսական վեկտորը փոխարինել արևմտյանով՝ թուրքական տանիքի ներքո),

4. «թավշյա» հեղափոխության արտահանում՝ «Хотим как в Армении» (ուզում ենք Հայաստանի պես) տարբերակով։

Սկզբնական փուլում Փաշինյանը մտավ թուրք–ամերիկյան այդ խաղի մեջ։ Նա Արցախի հարցով ակտիվորեն բանակցում էր Ալիևի հետ (թեև անգրագետ պողոսներին նա խաբում էր, թե, իբր, չի բանակցում, քանզի արցախցի չէ), տոն էր տալիս Բոլթոնի ասածներին, հակառուսական քայլեր էր կատարում ու Հայաստանը դարձնում «թավշյա» տեխնոլոգիաների լաբորատորիա։ Բայց զգալով, որ այդպես շարունակելու դեպքում կարող է աթոռ կորցնել՝ հետ քաշվեց, թեև իր բնավորության համաձայն վերջնական «ոչ»–ը չի ասել Արևմուտքին, որի տարածաշրջանային օպերատորը Թուրքիան է։

Արևմուտքին այժմ նյարդայնացնում է այն, որ Փաշինյանը հակառուսական գծի վարման առումով հայկական Սահակաշվիլի չի դառնում։ Դա է պատճառը, որ նրանք, օգտագործելով Ամուլսարի հարցը, ՀՀ–ՌԴ ու պաշտոնական Երևան–Ստեփանակերտ լարված հարաբերությունները, ինչպես նաև Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումը, փորձում են «կանաչ» հեղափոխություն իրականացնել։

Նիկոլը տեսնում է այդ ամենը, բայց չի կարող քայլ անել, քանզի «թավշյա» հեղափոխության ցանցային հատվածին ամերիկացիները հանել են իր դեմ։

Փաշինյանի մոտ այժմ ծանր վիճակ է։ Եթե նա հետ կանգնի Ամուլսարի հանքի աշխատանքները թույլ տալու իր որոշումից, ապա դելեգիտիմացման կենթարկվի պետական կառավարման համակարգում ու հանրության լուրջ շրջանակների մոտ։ Կստացվի, որ իր խոսքն այլևս արժեք չունի, և ի տարբերություն հեղափոխական օրերի՝ մարդիկ չեն ենթարկվում իր կոչերին (տվյալ դեպքում՝ հանքի ճանապարհը բացելու կոչին)։

Իսկ եթե Փաշինյանը որոշի ուժով բացել ճանապարհը, ապա կարժեզրկվի այն շրջանակների մոտ, որոնք եղել են «թավշյա» հեղափոխության շարժիչ ուժերից մեկը։ Ուժի կիրառումը նրան կդարձնի «իզգոյ» ծայրահեղականների մոտ, ինչն էլ թուրք–ամերիկյան շրջանակներին հնարավորություն կտա «կանաչ» հարցը շահարկելով կա՛մ իշխանափոխություն անել Հայաստանում, կա՛մ թուլացած Նիկոլին ստիպել գնալ իրենց ուզած ճանապարհով։

Թե ո՞ր տարբերակը կընտրի Փաշինյանը, դժվար է ասել, քանզի պոպուլիստի որոշումներն անկանխատեսելի են։ Նա, թերևս, կփորձի հանքի հարցով ժամանակ ձգել, բայց այդ դեպքում կհայտնվի միջազգային արբիտրաժում, ինչը լրջորեն կհարվածի Հայաստանին և՛ ֆինանսապես, և՛ իմիջային առումով։ Իսկ դրա հետևանքների համար հաստատ «բնապահպանները» կամ նախորդ ռեժիմի հաճախորդներ եղած, իսկ ներկայումս թունդ հեղափոխական դարձած տականքները չեն պատասխան տալու։

Հայաստանի առջև ծառացած խնդիրների պատասխանն անձամբ Փաշինյանն է տալու։ Նա դա լավ գիտի։ Գիտի նաև, թե ովքեր են իր դեմ «կանաչություն» անում, բայց չի կարող արտահայտվել, քանզի արտահայտվելու դեպքում պետք է ուղիղ տեքստով հայտարարի, որ իրեն «թավշյա» հեղափոխության ժամանակ լրջորեն աջակցել են թուրք–ամերիկյան շրջանակները՝ ՀՀ–ում իրենց գործակալական ցանցին ներգրավելով «սիրո և հանդուրժողականության» կարգախոսի ներքո տեղի ունեցող միջոցառմանը։

Նիկոլն այն օրերին գիտեր, թե ում աջակցությունն է ստանում, բայց քանի որ զգացել էր, որ կարող է իշխանության տեր դառնալ, ուստի դեմ չէր աջակցությանը։

Հիմա նրանից հաշիվ են պահանջում հեղափոխության արտաքին փայատերերը, և «ժողովրդի» վարչապետը հայտնվել է պատային իրավիճակում։ Այդ ամենի համար նա միայն ինքն իրեն պետք է մեղադրի։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ–ին, ապա այդ կառույցի ձեռքերը կապողը Նիկոլն է, քանզի եթե ԱԱԾ–ն բացահայտի թուրքական լոբբինգի հայաստանյան ցանցին, ապա պետք է նաև ցույց տա, որ Նիկոլն այդ ցանցի ձեռքում գործիքի ֆունկցիա է կատարել հեղափոխության օրերին։ Դրանից հետո ԱԱԾ–ն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի ներքին կյանքում, ինչին այս պահին, միգուցե, պատրաստ չէ։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից և հիմա իշխանական աթոռին մնացել է զուտ իներցիայի շնորհիվ, հասկանում են բոլոր լուրջ շրջանակները։ Հարցն այն է, թե ինչպես պետք է նա հեռանա և ինչ ուժ պետք է փոխարինի այս «թավշյա» թյուրիմացությանն ու էժանագին պոպուլիզմին։

Լավագույն տարբերակն այն է, որ Փաշինյանը հեռացվի հայաստանակենտրոն ուժերի կողմից։ Այդ դեպքում նա կարող է հումանիտար միջանցք ստանալ։ Վատագույն սցենարը թուրք–ամերիկյան տարբերակով հեռանալն է։

Արցախի հարցի միջնորդական ֆունկցիայով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան կողմից ներկայացուցիչ աշխատած Բրայզայի ակտիվացումը պատահական չէ։ Ամերիկաթուրքական շրջանակները շանս են տեսել Ռուսաստանին տարածաշրջանից վրացական տարբերակով դուրս մղելու համար ու անցել են գործի (իսկ թե ինչ գին կվճարի հայ ժողովուրդը դրա համար, դրսի ուժերին և մեր երկրում գործող 5–րդ շարասյանը, բնականաբար, չի հետաքրքրում)։

Ինչպես որ Գերմանիան հովանավորեց ծայրահեղական բոլշևիկներին, որպեսզի ներսից փլուզի Ռուսաստանն ու կազմաքանդի ռազմաճակատի արևելյան հատվածը, ինչպես որ անգլիացիներն էին հովանավորում զանգվածային ռեպրեսիաների գործիք դարձած ֆրանսիական յակոբինյաններին, որպեսզի թույլ չտային նոր ձևավորված հանրապետությանը տնտեսապես ոտքի կանգնել ու իրենց հետ մրցակցել, ինչպես Անկարան ու Մոսկվան էին հովանավորում հայ բոլշևիկներին՝ 1–ին Հանրապետությունը վերացնելու համար, այնպես էլ հիմա ԱՄՆ–ի թուրքական լոբբին է հովանավորում «մեր» տնաբույծ ծայրահեղականներին, որպեսզի Արցախի ու Հայաստանի հարցերը լուծելը Թուրքիայի ու Ադրբեջանի համար դառնա տեխնիկայի հարց՝ այդտեղից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով։

Ամուլսարն ընդամենը առիթ է։ Ու ցավալին այն է, որ ահագին «ազնիվ քյարփինջ» կերել է «կուտը», և հայրենասիրական երգերի հնչյունների ներքո սպասարկում է թուրք–ադրբեջանական շահերը։

Քաղաքական փոփոխությունը և Փաշինյանի հեռացումը, հետևաբար, հայաստանակենտրոն ուժերի, այդ թվում՝ գործող իշխանության առողջ ու ողջամիտ թևի օրակարգային թիվ մեկ հարցը պետք է դառնա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...