29 տարի պետությունը ֆինանսավորել է մոտ 100 հաշմանդամի հանգիստը, իշխանափոխությունից հետո ֆինանսավորումը դադարել է՝ գումար չլինելու պատճառաբանությամբ

Загрузка...

Պետությունը հաշմանդամների ամառային հանգիստը Սևանում կազմակերպելու համար
«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը 29 տարի շարունակ գումար է տրամադրել, սակայն Tert.am-ի տեղեկություններով՝ իշխանափոխությունից հետո արդեն երկու տարի է, ինչ դադարեցվել է ֆինանսավորումը:

Խնդրի մասին Tert.am-ը զրուցեց «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանի հետ: Վերջինս նախ հաստատեց մեր տեղեկությունը, ապա հավելեց, որ արդեն երկրորդ տարին է՝ դիմում են և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն երկուսն էլ մերժում են:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ են մերժում, ասաց. «Վարչապետն ուղղորդում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ ասում են, որ գումար չկա։ 29 տարի նախագահների կողմից այդ գումարները մեզ հատկացվել են: Իշխանափոխությունից հետո չկողմոնորոշվեցինք, թե ում պետք է դիմենք և որպեսզի չտարբերակենք՝ և՛ նախագահին ենք դիմել, և՛ վարչապետին: Առաջին տարին նախագահը պատասխանեց, որ գումար չունի, այս տարի էլ պատասխանեց, որ մեր գրությունն ուղարկել է Սպորտի և Սոցապ նախարարություններ: Վարչապետն էլ ուղղորդել էր Սոցապ նախարարություն, Սոցապ նախարարությունից էլ գրեցին, որ իրենք փող չունեն դրա համար նախատեսված»։

Հակոբ Աբրահամյանը պարզաբանեց, որ նախկինում նախագահականից իրենց կազմակերպության հաշվին գումար էր փոխանցվում, և մոտ 100 հաշմանդամ երեխայի հանգիստն էին կարողանում կազմակերպել:

Հակոբ Աբրահամյանը նաև նշեց, որ ինչպես վերջին քսան տարում են վարվել, նույն կերպ էլ այս երկու տարին են արել՝ ուղղակի գրությամբ դիմել են: «Մեզ չեն ասել՝ այ այսպես պետք է անեք, որ գումարը հատկացնենք»,- նկատեց Աբրահամյանը:

Ճշտող հարցին, թե ինչ գումարի մասին է խոսքը, Աբրահամյանը պատասխանեց, որ 8-9 մլն դրամի մասին է խոսքը: «Այդ գումարով 100 հաշմանդամի հանգիստ էինք կազմակերպում 10 օրով Սևանում»,- նշեց նա:

Պարզելու համար, թե ինչու է 29 տարվա հաշմանդամների հանգստի կազմակերպման ֆինանսավորումը իշխանափոխությունից հետո դադարեցվել, Tert.am –ը գրավոր հարցումներով դիմել է նախագահականին, վարչապետի աշխատակազմին ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Նախագահականից ի պատասխան Tert.am-ի հարցմանը հայտնել են, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ պետական բյուջեով դրամաշնորհային որևէ ծրագիր չի իրականացնում, հետևաբար հնարավոր չէ ֆինանսապես օժանդակել «Փյունիկ» հաշմանդամների միությանը:

Քանի որ «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահն ի սկզբանե հայտնել էր, որ նախագահականն ասել է գումար չունի, ուստի Tert.am-ը հարցման մեջ հետաքրքրվել էր, թե նախկինում ինչ միջոցներից է նախագահականն այդ գումարը տրամադրել:

«Սահմանադրության 145-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համաձայն ստեղծված «Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական մարմինը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդ չի հանդիսանում և պահանջվող տեղեկատվությունը չի տնօրինում, իսկ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը շրջանառված փաստաթղթերը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հանձնել է Հայաստանի ազգային արխիվ»,- ասված է նախագահականի պատասխանում:

Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ հարցումն ուղարկել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ինչպես վերը նշել էինք, «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահն ասել էր, որ վարչապետն էլ է դիմումն ուղղել նախարարություն: Սակայն նախարարությունից Tert.am-ին հայտնել են, որ երբեք նախարարությունը ֆինանսական հատկացում չի կատարել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը:

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին հասցեագրված ձեր հարցման՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երբևէ ֆինանսական հատկացվում չի կատարել «Փյունիկ» հաշմանդամների միությանը՝ Սևանում հանգստի կազմակերպման համար»,- ասված է նախարարության պատասխանում:

Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...