«Այո՛, Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան». Քոչարյանի պաշտպան

«Ինչ որ կա գործում՝ կա, բայց գնահատականը կտանք դատարանում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը «Մարտի 1-ի» գործից անջատված մասով ի հայտ եկած բացահայտումներին:

Հիշեցնենք, որ գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը factor.am-ի հետ զրույցում բացահայտումներ էր ներկայացրել գործից, մասնավորապես, որ օլիգարխները 50 հազարական դրամ են բաժանել մարտիմեկյան դեպքերի մասնակից զինվորականներին: «Ըստ գործի նյութերի, այո՛, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան»,- շարունակեց պարոն Սահակյանը: Մեր հարցին, այսինքն հերքո՞ւմ եք, որ նաեւ պետական մակարդակով են գումարները բաշխվել, պարոն Սահակյանն ասաց՝ արդեն պատասխանեցի. «Քոչարյանն առնչություն չունի, իսկ եթե չունի, արդեն մնացած հարցերը մեզ չեն հետաքրքրում»: Մեր հարցին՝ գործում ի հայտ եկած նոր հանգամանքները ձեր պաշտպանյալի դեմ չե ՞ն, նրա մեղավորությունն ու մասնակցությունը ապացուցող հանգամանք չե՞ն, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հարցին՝ երբ բացի օլիգարխներից նաեւ պետական մակարդակով է գումար բաժանվել, ինչպես եք հնարավոր համարում ձեր պաշտպանյալի անտեղյակությունն ու առնչություն չունենալը, պարոն Սահակյանը պատասխանեց. «Սեդա Սաֆարյանից հարցրեք, ինքը ասում է՝ հնարավոր չէ, որ Քոչարյանը տեղյակ չլիներ, թող ինքն ասի՝ ինչու հնարավոր չէ, հետո ես նրան կպատասխանեմ: Իսկ ինչու հնարավոր չէ, որովհետեւ ես տրամաբանել գիտեմ, այդքան բան»: Մեր հարցին՝ ձեր տրամաբանությունը ո՞րն է, նա շարունակեց. «Ես համոզված եմ, որ դուք նույնպես ունեք տրամաբանություն, եւ հանրապետության նախագահը պարտավոր չէ ամեն մանրուքի տիրապետել:

Հիմա կասեք՝ սա մանրուք չէ, եկեք գնահատենք մանրո՞ւք է, թե մանրուք չէ»: Մեր հարցին՝ եթե պնդում եք, որ Քոչարյանը չի համակարգել գումարների բաժանումն ու տեղյակ չի էլ եղել դրանից, ըստ գործի նյութերի, ո՞վ է դա համակարգել, ի պատասխան պարոն Սահակյանն ասաց՝ հարցրեք նախաքննական մարմնին. «Մեզ այդ հարցը չի հետաքրքրում, մեղադրանքը սկզբից մինչեւ վերջ ջուր է, իսկ մենք ջուր ծեծող չենք»: Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ըստ գործի նյութերի՝ ո՞ր օլիգարխներն են գումարներ բաժանել, նա պատասխանեց. «Եթե անունները լինեին, ես կասեի»:

Մեր հարցին, թե գործում չկա՞ ն օլիգարխների ցուցմունքներ, նա պատասխանեց՝ կարծում եմ՝ չկան, մինչեւ հիմա չեմ հանդիպել: Նաեւ հետաքրքրվեցինք, եթե պնդում եք, որ Քոչարյանը տեղյակ չի եղել իրադարձություններին, ապա այդ դեպքում, ովքե՞ր են նրա թիկունքու, աշխատած պաշտոնյաները, ի պատասխան Ռուբեն Սահակյանն ասաց. «Ինչո՞ւ եք թիկունք անվանում, թիկունքից ինչ-որ չարաշահո՞ւմներ են եղել: Սկզբում եկեք որոշենք՝ չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ: Կգա քննության ժամանակը, մենք կսկսենք քննությանը մասնակցել: Դեռ չենք սկսել մասնակցել, բայց մի բան արդեն ասացի՝ Քոչարյանը դրա հետ առնչություն չունի»:

aravot.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով