ՀՀ ԱԺ«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մանրամասներ ներկայացնելով նախածից:
«Ինչպես և խոստացել էինք՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրեցինք շրջանառության մեջ: ՀՀ Քրեական օրենսգիրք Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով,
4) առանձին դաժանությամբ,
5) խուլիգանական դրդումներով,
6) անչափահասի ներկայությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով:
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- գրել է Զոհրաբյանը: