Ֆեյսբուքում մանիպուլյացիաներ անող 140 կեղծ օգտահաշիվներ. նոր ցուցակ

Այսօր՝ ապրիլի 4-ին, Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, ասել է. «Հայաստանում երաշխավորված է խոսքի և տեղեկատվության ազատությունը, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է։ Ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ։ Ընդհուպ՝ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դրանք իրոք հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան։ Ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ Սա անառարկելի արժեք է մեզ համար և կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։

Հաշվի առնելով այս հայտարարությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի ուշադրությունն ենք հրավիրում AntiFake.am կայքի թիմի կողմից բացահայտված Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան տիրույթում ակտիվորեն սատարող 140 կեղծ օգտահաշիվների ցուցակի վրա։ Ցուցակում ներառված են կեղծ օգտահաշիվների անունները, ազգանունները, ֆեյսբուքյան էջի հղումները, օգտահաշիվների նկարագրությունը, նրանց կատարած գործողությունները (մեկնաբանություններ, հավանումներ)։ Կեղծ օգտահաշիվների մշակումը շարունակվում է։ Պարբերաբար կհրապարակենք մշակված կեղծ օգտահաշիվների նոր ցուցակներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նախկինում ևս հրապարակվել են այդպիսի ցուցակներ, մասնավորապես.

  • 625 կեղծ օգտահաշիվներ հրապարակվել են «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի կողմից,
  • 116 կեղծ օգտահաշիվներ հրապարակվել է AntiFake.am կայքի կողմից, որոնք վերցվել են Նիկոլ Փաշինյանի մարտի 19-ի Մատենադարանում տեղի ունեցած ասուլիսի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման տեսանյութի մեկնաբանություններից և հավանումներից։

Հետգրություն. Եթե հրապարակված ցուցակներում առկա են իրական օգտահաշիվներ, ապա խնդրում ենք գրել մեզ օգտահաշիվը նույնականացնելու և ցուցակից հեռացնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով