«Հայաստանի պնախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ արված Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ կապված «խաղաղության դիմաց տարածքներ» բանաձեւի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձեւով փոփոխության հետ, հերթական անգամ ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը խոսում է Հայաստանի նվաճողական-ագրեսիվ քաղաքականության մասին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, ըստ էության՝ պատասխանելով ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանին։
Բաքվի ուշադրությունից չի վրիպել այն, որ հայտարարությունը հայկական ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից հնչել է Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից գրեթե անմիջապես հետո։ Ադրբեջանում կարծում են, որ «հայտարարույթունն ունի ակնհայտ սադրիչ բնույթ եւ հակասում է միջազգային հանրության ջանքերին, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, որոնք գործադրվում են հակամարտության կարգավորման ուղղությամբ»։
Բաքվում հարկ են համարել հիշեցնել, որ Ադրբեջանի բանակը կարող է ամենակարճ ժամանակում ազատագրել «գրավյալ տարածքները»՝ համահունչ միջազգային իրավունքի այն նորմերի, որոնք երաշխավորում են ինքնապաշտպանության ապահովումը։ Որքան էլ զարմանալի է, Ադրբեջանում հայտարարել են, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը այլ պետությունների տարածքների հանդեպ հավակնություններ չունի։