1930թ. ապրիլի 1-ին ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական դերասան եւ ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
Դերասանը ծնվել է Երեւանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական բաժինն ավարտել է 1951թ. եւ ընդունվել Գ. Սունդուկյանի դրամատիկական թատրոն:
Աբրահամյանի ամենահայտնի դերակատարումներից են Ռուստամը (Շիրվանզադեի «Նամուս», 1955), Ալեքսանդրը (Փափազյանի «Ժայռ», 1957), Դրագադանօղլու (Յավորովի «Վիտոշի փեշերին», 1966) եւ այլն:
Կինոյում նկարահանվել է Արսենի («Առաջին սիրո երգը», 1958), Գեւորգի («Սարոյան եղբայրներ», 1968, ՀՍՍՀ պետական մրցանակ), Պավլեի («Մենք ենք մեր սարերը», 1969) եւ այլ դերերում:
Անվանի արտիստի մտքերը թատրոնի մասին
Արվեստում իմ առաքելությունն է մարդկանց զգուշացնել, որ թույլ չտան իրենց խաբել…
Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…
Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է:
Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն:
Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ` ինչքան ասես, բայց երբեք թատրոնն ինձ չի թողել:
Իմ մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա: