Տրանսգենդերը կպայթեցնի՞ ԲՀԿ-ն. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը սոցցանցում գրառում է արել, որով հայտարարում է, թե չի դադարեցնելու պայքարը «պետությունը կործանող ծրագրերի եւ անձանց դեմ»: Պետրոսյանը հայտարարել է, թե «երկրի կործանման ճանապարհին» մնացել է երկու արժեք՝ «ընտանիք եւ հավատ»: ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, թե ամեն գնով պայքարելու է «սեռաշեղվածների եւ քայքայիչ աղանդների տարածման դեմ», եթե անգամ իրեն ոչ ոք չսատարի կամ սատարեն քչերը: Գեւորգ Պետրոսյանի հերոսական գրառման պատճառը թերեւս նախօրեին Ազգային Ժողովում տեղի ունեցածն է, որը դարձավ աղմկոտ պատմություն: Մարդու իրավունքի թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ելույթ ունեցավ Իրավունքի ուժ ՀԿ ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը, որը հայտարարեց իր տրանսգենդեր լինելու մասին եւ խոսեց այդ անձանց իրավունքների պաշտպանության մասին:

Իրավիճակը զարգացավ խորհրդարանի Մարդու իրավունքի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքով, որը քննադատեց Մարտիրոսյանի քայլը, այն գնահատելով լսումների օրակարգի շեղում եւ ըստ այդմ անհարգալից վերաբերմունք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը անշուշտ թելադրված էր աղմուկի գիտակցումով: ԲՀԿ-ական պատգամավորը լավ էր պատկերացնում, որ տրանսգենդեր քաղաքացու ելույթից հետո լինելու էր հանրային աղմուկ եւ մեծ հավանականությամբ քննադատություն լսումները կազմակերպողների հասցեին, նրանց մեղադրելով «ապազգային արժեքներին» խորհրդարանի ամբիոն տրամադրելու համար: Իսկ բանն այն էր, որ լսումները կազմակերպել էր հենց Նաիրա Զոհրաբյանի գլխավորած հանձնաժողովը, եւ փաստորեն ստացվում է, որ ԲՀԿ-ական պատգամավորն է տրամադրել այդ ամբիոնը: Նաիրա Զոհրաբյանը հետագայում հերքեց, թե ինքը տեղյակ էր այդօրինակ ելույթից, նշելով, որ մտքով չի անցկացրել նախապես քննել ելույթ ունեցողներին եւ թեմաները, ապավինելով նրանց հարգալից վերաբերմունքին, որ չեն շեղվի լսումների օրակարգից, որտեղ սեռական փոքրամասնությունների իրավունքի թեմա առկա չէր:

Միաժամանակ, Զոհրաբյանը հայտարարել էր, թե այդ ամենը եղել է նախապես պլանավորված: Ավելի մանրամասներ նա չի բացել: Ակնառու է, որ Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ն հայտնվել են բավական բարդ վիճակում, փաստորեն հայտնվելով այն ուժերի կամ շերտերի թիրախում, որոնք բավականին կոշտ եւ ագրեսիվ են, անհանդուրժող են այսպես ասած «ապազգային» արժեքների նկատմամբ: Մինչդեռ, իրավիճակը կրկնակի բարդանում է նրանով, որ ԲՀԿ-ն ինքը գործնականում ավելի զգուշորեն, բայց իբրեւ քաղաքական միավոր դիրքավորվել է հենց այդ դաշտում, կամ ավելի մոտ հենց այդ դաշտին: Այդ ամենն իհարկե արդիական քաղաքական համակարգերում թեմա չեն, սակայն նաեւ հասկանալի է հայաստանյան դաշտի առանձնահատկությունը, ընդ որում ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաեւ օբյեկտիվ առանձնահատկությունն ու ընկալումները: Ըստ այդմ հասկանալի է, թե ինչու է ԲՀԿ-ն կամ Նաիրա Զոհրաբյանը շտապում պատասխանատվությունը դնել այլ տեղ, հայտարարելով, որ դա եղել է կազմակերպված: Բայց, ու՞մ դեմ կազմակերպված, Նաիրա Զոհրաբյանի՞, թե՞ ԲՀԿ դեմ ընդհանրապես:

Ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է դառնում ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի գրառումը, որը հայտարարում է այդ գաղափարները «տարածողների» դեմ պայքարի մասին, առանց իհարկե կոնկրետ ուղղությունների: Բայց, քանի դեռ հստակ մատնացույց արված չէ կոնկրետ դեպքի կոնկրետ «տարածող», «տարածման» կամ «ամբիոն» տրամադրելու պատասխանատվությունը հանրային գնահատականի տիրույթում մնում է ԲՀԿ կամ կոնկրետ Նաիրա Զոհրաբյանի վրա: Իսկ նրա դեպքում իրավիճակն առավել բարդ է, հաշվի առնելով նաեւ այն, որ Զոհրաբյանն իրեն չի կարող թույլ տալ կոշտ եւ մերժողական արտահայտվել այդ երեւույթի հանդեպ, մտնել «ազգային» եւ «ապազգայինի» դաշտ, քանի որ խորհրդարանի Մարդու իրավունքի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է, նա պետք է մնա իրավունքի հավասարության դաշտում: Արդյոք տեղի ունեցածը կբերի ԲՀԿ ներքին «պայթյունի», եւ արդյոք դրա նախանշան եւ քողարկված դրսեւորում չէ Գեւորգ Պետրոսյանի անհասցե գրառումը, հատկապես եթե նկատի առնենք նաեւ այն հասցեական հայտարարությունը, որ նա արել էր դեռեւս Երեւանի քաղաքապետի ընտրությանը, դեմ արտահայտվելով Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելուն եւ հայտարարելով, թե ինքը գործ չունի այդ ԲՀԿ-ում: Իհարկե, Պետրոսյանն այդուհանդերձ գործ շարունակեց ունենալ ԲՀԿ-ում, Ծառուկյանը կարծես թե հարթեց իրավիճակը, բայց արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը չի փորձում օգտագործել առիթը Նաիրա Զոհրաբյանի վրա թեկուզ քողարկված, անուղղակի գրոհի համար: Իսկ Զոհրաբյանը ԲՀԿ-ում ամուր եւ նշանակալի խաղացողներից մեկն է, ներկուսակցական ստատուս-քվոն կազմողներից մեկը: Միաժամանակ, ԲՀԿ ներկուսակցական ստատուս-քվոն կարծես թե միշտ եղել է այսպես ասած «բաժնետիրական» սկզբունքով, գուցե Ծառուկյանի հսկիչ փաթեթով, սակայն նաեւ նախկին իշխող համակարգի այլ բաժնետերերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրավիճակը հետաքրքիր է դրանով, եւ Գեւորգ Պետրոսյանի գրառման շեշտադրումներն այնպիսին են, որ դրա ներքո նշմարվում է տողատակ հասցեագրված կուսակցությանը, իսկ գուցե Ծառուկյանին՝ նա Պետրոսյանի հե՞տ է «երկիրը կործանող» արժեքների դեմ պայքարում, թե՞ ոչ: Խորքային առումով հարցն իհարկե ոչ թե երկրի, այլ «ԲՀԿ կործանումն» է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով