Պոպուլիզմով հնարավոր չէ երկիր կառավարել. Ինչու են մարդիկ շարունակում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից.1in.am

2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 27 100 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է ռուսական RT հեռուստաալիքը՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներին։

Նշենք, որ այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 2000-ով: Հայտնի է, որ 2017 թվականին ՌԴ քաղաքացի է դարձել 25 144 հայաստանցի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք նաև, որ ՌԴ քաղաքացիություն ստանալն ավելի հեշտացավ անցած տարվանից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ և հայտարարեց, որ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «համերկրացիների» համար, նրանց համար, ովքեր «ռուսական աշխարհի» մաս են կազմում և ապրում են ԱՊՀ երկրներում։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների միգրացիոն նոր քաղաքականությունը թույլ կտա դյուրացնել կանոնները Ռուսաստանում ապրել և աշխատել ցանկացող քաղաքացիների համար։ Բացի այդ, հիշեցնենք, որ արդեն 12 տարի է՝ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում, այդ թվում նաև Հայաստանում անցկացնում է «Համերկրացիներ» ծրագիրը, որի շրջանակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 800 հազար մարդ։ Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում բնակություն հաստատել ցանկացողների թիվն աճում է։ 2018 թվականին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 269 հազար 400 մարդ, նրանցից 45 300-ը Ղազախստանի քաղաքացիներ են, 35 700-ը՝ Տաջիկստանի, և Ուզբեկստանի՝ 21 000 քաղաքացի: Այս տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 25 հազար 144 հայաստանցի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, սա պարտադիր պայման է։

Նշենք, որ այս վիճակագրությանը զուգահեռ՝ մենք պարզեցինք, որ 2018-ին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար շուրջ 5000 դիմում է ստացվել, որը նախորդ տարվա համեմատ մի քիչ ավելի է։ Առհասարակ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումները վիճակագրությունն ամեն տարի աճ է արձանագրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս վիճակագրությունը նորմալ է, քանի որ այն պատճառները, որոնք տարիներ շարունակ նպաստել են, որ ՀՀ քաղաքացիները հրաժարվեն քաղաքացիությունից և ստանան ՌԴ քաղաքացիություն, դեռևս չեն վերացել և առ այսօր էլ օրհասական են։ «Տպավորություն էր, որ հեղափոխությունից հետո պետք է իրավիճակ փոխվեր, մարդկանց վիճակը լավանար, բայց հեղափոխությունից հետո ոչ մի բան էլ չի փոխվել, մարդկանց սոցիալական վիճակը չի բարելավվել, մարդիկ ավելի լավ չեն ապրում։

Ամեն ինչ քաղաքականությամբ չի որոշվում։ Հասարակ մարդու, քաղաքացու համար առաջնայինը իր սոցիալական վիճակի բարելավումն է։ Այո, Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, բայց այն ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել շարքային քաղաքացու վրա։ Իսկ քաղաքացին, որին, կրկնում եմ, հետաքրքրւոմ է իր բարեկեցությունը, այն գտնում է այնտեղ, որտեղ այն կա։ Ամեն ինչ սոցիալ-տնտեսական իրավիճակով է պայմանավորված, իսկ եթե քաղաքական դրդապատճառներ լինեին, մարդիկ կգնային ոչ թե Ռուսաստան, այլ եվրոպական երկրներ»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիների կողմից քաղաքացիությունից հրաժարվելու և ՌԴ քաղաքացիություն ընդունելու պատճառներից մեկն էլ բանակում չծառայելու խնդիրն է։ Բազմաթիվ ընտանիքներ ընդունում են ՌԴ քաղաքացիություն, որ իրենց որդիները բանակում չծառայեն:

«Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները փորձում են այս հանգամանքն անտեսել, բայց խնդիրը կա։ Հայ ծնողը, եթե որոշում է, որ իր որդին չպետք էծառայի ՀՀ բանակում, ապա ամեն ինչ կանի դրա համար՝ ընդհուպ կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից։ Սա մի խնդիր է, որը պետք է հուզի մեր իշխանություններին»,- ասաց քաղաքագետը։

2018-ի վիճակագրությունը 2019-ին չկրկնելու կամ 2019-ին ավելի մեծ թիվ չունենալու համար, քաղաքագետի խոսքով, անհրաժեշտ է շատ արագ բարելավել մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, մարդիկ տեսնեն, որ երկրում իրավիճակը փոխվում է, և իրենք կարող են իրենց երկրում մնալ։

Ինչպես նաև ՊՆ-ն պետք է ավելի ճկուն քաղաքականություն վարի բանակում չծառայած անձանց նկատմամբ, որպեսզի նրանք ամեն գնով փախուստի չդիմեն։

«Շատ լավ է, որ երկրում կոռուպցիան նվազել է, բայց դրան զուգահեռ՝ մենք ունենք նաև մարդկանց մեծ արտահոսք։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ թավշյա հեղափոխությունից հետո իմ երկու բարեկամները իրենց ընտանիքներով լքել են Հայաստանը սոցիալ-տնտեսական ու բանակում չծառայելու պատճառով։ Դրա համար երկիրը հնարավոր չէ կառավարել պոպուլիստական ու սին հայտարարություններով։ Կոնկրետ գործողություններ են պետք»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով