Հոկտեմբերի 2-ի ուրվականը.168.am

Հոկտեմբերի 2-ի ուրվականը
Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժանարար գծեց քաշեց, ու այդ աղմուկը դեռ չի մարում ցայժմ։

Խոսքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2012թ. մայիսի 15-ի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատի վերաբերյալ կայացրած որոշման մասին էր։

Տեղեկություն տարածվեց, որ ՄԻԵԴ-ը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը և «Մարտի 1»-ի գործի շուրջ արդեն ունի դիրքորոշում, որը հիմք է հետագայում ՄԻԵԴ-ում Հայաստանի ձախողման համար՝ շնորհիվ այդ փաստաթղթի։

Հարցի շուրջ իրենց դիրքորոշումը հայտնեցին ՄԻԵԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Սարգիս Գրիգորյանը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Արա Ղազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վահե Գրիգորյանը, թեպետ չցանկացավ լրագրողների հետ այդ թեմայով զրուցել, սակայն ավելի ուշ գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում, ուր մասնավորապես ասում է. «Ինչ վերաբերում է 2008թ․ մարտի 1-ին Նախագահ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրության հայտարարման որոշ հարցերի շուրջ ՄԻԵԴ քննությանը, ապա նման գանգատը դեռ սպասում է իր վճռին։ Նմանապես և առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը չի մերժվել, այլ մասնակի ընդունելի է ճանաչվել և այս պահին, կրկին, սպասում է վճռին։ Զբաղվածության պատճառով չեմ կարող ավելի հաճախ և ավելի մանրամասն անդրադառնալ Լյուիս Քերըլի պոեմների ոճով այսպիսի պրոպագանդիստական հրապարակումներին։ Փոխարենը, վստահելով իմ ընթերցողների բարձր մեդիա և իրավական գրագիտությանը, ես կտեղադրեմ վերաբերելի նյութեր ներքևում՝ լրագրողների կամ առհասարակ սեփական կարծիք կազմելու համար հետաքրքրվողների ծանոթանալու համար»։

Առանց մեկնաբանելու Վահե Գրիգորյանի գրառումը ու, մասնավորապես, վերոբերյալ հատվածը՝ հիշենք միայն, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, վերջինիս, որպես փաստաբանի, «կյանքի գործն» է, և հասարակությանն ու մասնագիտական հանրույթին նա նախ և առաջ այս գործով է հայտնի, և փաստորեն այն այնպես չի ընթանում, ինչպես ինքը կցանկանար, ու թերևս կարող է ստացվել այնպես, որ Վահե Գրիգորյանը ոչ միայն նման կարևորության գործով մասնագիտական ձախողում արձանագրի, այլև վտանգ կա, որ այս գործով ներկայացվող հայցերով մեր երկրի դեմ հերթական որոշումը կկայացվի, ու ահռելի գումարներ կգանձեն։

Հիմա՝ ըստ էության։ Ի՞նչ է կատարվել

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վահե Գրիգորյանը՝ որպես «Մարտի 1»-ի գործով ներկայացուցիչ, դիմել է ՄԻԵԴ, որպեսզի մի քանի հոդվածներով Հայաստանի իշխանությունների գործողությունները ճանաչի անօրինական։ Դիմել է նաև, որպեսզի անօրինական ճանաչվեն այն բոլոր սահմանափակումները, որոնք եղել են արտակարգ դրության ժամանակ, և ինքնին՝ արտակարգ դրություն հայտարարելը։ ՄԻԵԴ-ը, ըստ էության, ոչ թե որոշում է կայացրել, այլ համարել է, որ փաստական այն հանգամանքները ու այն ապացույցների համակցությունը, որը ներկայացվել է դատարանին, գլոբալ առումով բավարար չեն, որպեսզի դիմումը ճանաչվի ընդունելի այդ գործով ու որոշում կայացվի։

Փաստացի ՄԻԵԴ-ը հերքել է Վահե Գրիգորյանի և իր վստահորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները, որովհետև, եթե ավելի պարզ ներկայացնենք, իրենք պահանջել են անօրինական ճանաչել սահմանափակումները, այնինչ իրականում ՄԻԵԴ-ը հրաժարվել է այդ մասով դիմում ընդունել։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ն իր գնահատականով (15-րդ հոդված)՝ խախտում չի ճանաչել, որ գործն ընդունի վարույթ։ Այստեղ Վահե Գրիգորյանը և իր վստահորդը խնդիր ունեն, որովհետև եթե ՄԻԵԴ-ում դիմումն անընդունելի են ճանաչել, ապա սա նշանակում է, որ միայն մի մասով է գործը քննվելու, իսկ նշված մասերում այնպիսի անհեթեթություններ են ներկայացված, որ ՄԻԵԴ-ը չի էլ քննում, այսինքն՝ այն ենթակա չէ իր քննությանը։

ՄԻԵԴ որոշման 56-րդ կետում ասվում է, որ դատարանը, ուսումնասիրելով բոլոր փաստական հանգամանքները, չի գտել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությամբ նախատեսված իրավունքների և ազատությունների խախտումներ, և դրա համար էլ այս մասով դիմումը չի ընդունում՝ այն համարելով ոչ բավարար չափով հիմնավորված, համարել է, որ արտակարգ դրության ժամանակ եղած սահմանափակումներն իրավունքների և ազատությունների խախտումներ իրենցից չեն ներկայացրել։ Կարճ ասած՝ դիմող կողմի փաստարկները համարել է անհիմն և այդ պատճառով էլ այն վարույթ չի ընդունել։

Ստորև ներկայացնում ենք 56-րդ կետի բովանդակությունը՝

1. Հայցվորը ներկայացրել է նաև մի շարք այլ բողոքներ Կոնվենցիայի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների և 1-ին արձանագրության համաձայն։

2. Քննելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով և արձանագրություններով երաշխավորվող իրավունքները չեն ոտնահարվել։ Հետևաբար՝ դիմումի այդ հատվածը պետք է մերժել՝ որպես վատ հիմնավորված՝ 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն:

Ի դեպ, այս որոշումը տեղադրված է ՄԻԵԴ պաշտոնական կայքում։

Վահե Գրիգորյանը, թերևս, այնքան կոմպետենտություն կունենար, որ կիմանար ՄԻԵԴ-ի՝ գործերի քննման իրավասության շրջանակը, ուրեմն ո՞րն էր այդ մասերով ՄԻԵԴ դիմելու իմաստը։ Եվ, ի վերջո, ավելի լավ չէ՞ հայցդ ընդունվի, քննվի, որոշում կայացնեն, քան պարզվի, որ ներկայացրածդ հայցն անհիմն է՝ գոնե շատ լուրջ մեղադրանքների մասով։
Վահե Գրիգորյանն իրականում պահանջված մասնագետ է սահմանադրական կարգի տապալման փորձի գործով բոլոր ենթադրյալ հանցագործությունների գծով, և չի բացառվում, որ մի գեղեցիկ օր էլ ներկայացնի որևէ կողմի շահերը «2018թ. հոկտեմբերի 2-ի» գործով քննության ժամանակ, երբ պաշարված էր Ազգային ժողովի շենքը, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ուզում են գիշերով ժողովրդի իրավունքները խլել, չի՛ ստացվելու»։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների ներքո ԱԺ-ն ընդունել էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագիծը։ Պատգամավորների քարտերը «Ելք» խմբակցությունը հավաքել էր, նրանք քվեարկել էին ձեռքով։ Նախագիծն ընդունվել էր 67 կողմ ձայնով։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ շենքը շրջափակվեց, բոլոր մուտքերը փակեցին։

Չէ՞ որ չի բացառվում, որ եկող հաջորդ իշխանությունը զուտ վտանգավոր այդ նախադեպը հետագայում կիրառելը բացառելու նպատակով գնահատական տա հոկտեմբերի 2-ի՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, որովհետև Խորհրդարանական երկրում, գործող ԱԺ-ի պայմաններում, Խորհրդարանի շենքը պաշարելն ու նրա աշխատանքները տապալելը, պատգամավորների ազատ շարժը սահմանափակելը՝ միայն իրեն՝ Փաշինյանին  ոչ հաճո որոշում կայացնելու համար, շատ հանգիստ կարող է որակվել՝ որպես սահմանադրական կարգի տապալում։

Եթե մի օր, քանի որ վաղեմության ժամկետները նույնիսկ 5 տարի հետո անցած չեն լինի, 6-րդ գումարման ԱԺ պատգամավորները որոշեն հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, քրեական գործ հարուցվի սահմանադրական կարգի տապալման հոդվածով, ու ներպետական դատական ատյանները քրեաիրավական գնահատական չտան կատարվածին, այդ գործը շատ սահուն կերպով կարող է հասնել ՄԻԵԴ, ու միգուցե փաստաբան Վահե Գրիգորյանի աստեղային ժամի հաջորդ շրջափուլը հենց այդ ժամանակ լինի ու այս անգամ հաջողի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով