«Իմ հաշվարկներով երկու-երեք տարի հետո իշխանությունն ամբողջությամբ հեղինակզրկվելու է».

Загрузка...

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ հաշվարկներով առնվազն երկու-երեք տարի հետո իշխանությունն ամբողջությամբ հեղինակզրկվելու է: Չի լինելու գոնե մեկը, որը չնչին հեղինակություն ու կշիռ կունենա: Իսկապես տոտալ արժեզրկման վտանգը չափազանց մեծ է: Սա Հայաստանի համար օրինաչափ երևույթ է: Մարդիկ ատել են ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին, իներցիայի ուժով ատելու են նաև ՔՊ-ին: Խնդիրը չափազանց բարդ է, իսկ վերջնական պատասխանը՝ անհայտ: Բայց մի բան հստակ է` «համընդհանուր շահից» ելնելով քավության նոխազի չափազանց մեծ պահանջարկ կամ ինչու չէ նաև հրեշի թափուր աշխատատեղ կա: Ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի դատարկ տարածությունն այդ, քանի որ կյանքի իմաստավորման խնդիր կա: Ինչ-որ մեկը կամավոր կամ էլ կամքից անկախ պետք է ոչնչացվի՝ իհարկե համընդանուրի հավաքական գոյությունը արդարացնելու նպատակով:

Ոչ ոքի չեն խնայելու, չեն ներելու, խոսելու ու արդարանալու հնարավորություն չեն տալու: Ինչո՞ւ ներեն, եթե ներման պահանջարկ չկա, ինչո՞ւ խնայեն, եթե դրա պահանջարկն առավել ևս չկա: Պահանջարկը մեկն է՝ ոչնչացնել հրեշին:

Անձի պաշտամունքն արդյունավետ կարող է գործել միայն ամբողջատիրական հասարակարգում: Ժողովրդարության պայմաններում դրա տևողությունը հինգ վայրկյան է, որից հետո պաշտամունքը փոխակերպվում է խորը ատելության:

Ոչ ոք չի կարողանում հասկանալ այս ընթացքի էությունը: Եվ չհասկանալով մտնում են դրա կործանարար շղթայի տրամաբանության մեջ: Խնդիրն այն է, որ նրանք նույնիսկ չգիտեն էլ դրա մասին, գլխի չեն ընկնում: Հեղափոխականները դեռևս ապրում են պաշտամունքի այն հինգ վայրկյանի տիրույթում՝ հայտնվելով գիտակցական խաբկանքի մեջ: Նրանք չեն էլ կանխատեսում, որ վայրկյաններն այդ վաղուց սպառվել են ու իրենք հայտնվել են ատելության չվերջացող փոթորկի մեջ: Հրեշին գլխատող ասպետի գլուխն ավելի ապահով պայմաններում չէ, քան հրեշի կտրված գլուխը:

Ապահով չէ հենց հեռանկարի տեսանկյունից, քանի որ եթե համարձակվում ես գլխատել, ապա պատրաստ եղիր նաև սեփականը կորցնելու հավանականությանը: Համընդհանուր գոռոցի, աղմուկ-աղաղակի և խելագարության պայմաններում կգտվնի ինչ-որ մի հիմար՝ բոլոր հիմարներից ամենախելացի հիմարը, ինտելեկտուալ ու կրեատիվ հիմարը, թոթովախոս ու անգլախոս հիմարը: Փրկության ակնկալիքով նա կպատմի, որ ժամանակին եղել է հեղափոխության առաջնագծում, ավելին հենց ինքն է հեղափոխության շարժիչ ուժն ու ամենավճռական սաղմը: Բայց նրան կպատասխանեն ժպիտով ու բարությամբ ու ամենայն հավանականությամբ հենց այսպես. ваша революция пошлость, воинствующая пошлость: Համընդհանուր ատելությունից խուսափելու ճանապարհ չկա: Իսկապես չկա: Նույնիսկ ամենադրական ու ամենաօգտակար ռեֆորմները հողին են հավասարեցնելու: Սա օրինաչափություն է և դրա անխուսափելիությունից դրդված իշխանությունները պետք է մտածեն ոչ թե իրենց անօգուտ փրկության, այլ Հայաստանը ատելության ճիրաններից ազատագրելու մասին: Խոսքը ժառանգության մասին է: Այսինքն սեփական զոհաբերության հաշվին հասնել նրան, որ հաջորդ իշխանությունները դուրս գան ատելության իներցիոն, մեխանիկական ու ժառանգական ընթացքից:

Հակառակ պարագայում բոլորն էլ արժանանալու են նույն ճակատագրին, ու այս հարատև շրջափուլը երբեք կանգ չի առնի: Երբ վարչապետին մեղադրում են ՀՀԿ-ի բարքերը ժառանգելու մեջ, նա դժգոհում է, միգուցե ճիշտ էլ անում է: Բայց պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ դա ավելի քան տրամաբանական է ու օրինաչափ: Հայացքն է այդպիսին, իշխանության հավաքական ընկալումն է այդպիսին: Մարդիկ իշխանությանը նայում են հենց այդ դիտանկյունով ու ակնկալիքն էլ պայմանավորվում է դրա նեղ, գաղափարական չափորոշիչներով: Հայացքն ու դիտանկյունը պետք է փոխվեն:

Հրեշի թափուր աշխատատեղը պետք է փոխարինվի մեկ այլ արժեքով, որպեսզի բոլոր նոր իշխանությունները իներցիայի ուժով չհայտնվեն դրա կապանքներում: Կա երկու հակոտնյա բևեռ. մի բևեռում ՀՀԿ-ն է, իսկ մյուսում՝ երկնային արքայությունը: Իշխանություն-ընդդիմություն-հանրություն փոխհարաբերությունները մշտապես կարգավորվել են հենց այս երկու բևեռներով՝ սև ու սպիտակ, բարի ու չար, քաղցած ու կշտացած սկզբունքով: Խնդիրը այդ բևեռները գլխատելու մեջ է, քանի որ ամեն մի գործողություն, ընթացք ու կենդանության նշան իմաստավորվում է դրանց գաղափարական ներգործությամբ: Քանի դեռ հանրության մեջ տիրապետող է իրականության ու քաղաքականության հենց այս երկբևեռ ընկալումը, բոլոր իշխանություններին ուղեկցելու է ՀՀԿ-ի ստվերը, տեսանելի ու ծանր ստվերը:

Որքան էլ ինչ-որ մեկն ատամները ցցած հիմար ժպիտով արտասանի այն հիմար արտահայտությունը, թե իրավիճակ է փոխվել, կամ էլ սա ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ է, միևնույնն է իրերի դասավորությունն ու իրավիճակի փոփոխությունը պայմանավորված են մարդկային պարզ ընկալմամբ:

Բարդ է, շատ բարդ: Հուսով եմ` մեկ այլ առիթով առավել մանրամասն կխոսենք այս խնդիրների մասին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...