Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին.168.am

Загрузка...

Մեր տեղեկություններով՝ հետտոնական օրերը բոլորովին տոնական չեն անցել Ջերմուկում և հարակից Կեչուտում: Այստեղ ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք է եղել, ու այս մասին, զարմանալիորեն, ոչ մի հաղորդագրություն չկա ոստիկանության կողմից:

Ինչպես հայտնի է՝ մի խումբ մարդիկ ամառվանից ի վեր փակել են Ամուլսար տանող ճանապարհները, և դեռևս չշահագործվող հանքում ամիսներ շարունակ դադարեցվել են շինարարական աշխատանքները: Աշխատանքից ազատվել է 1000-ից ավելի մարդ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը խոշոր ներդրողի հանդեպ այս, ըստ էության, դիվերսիային որևէ կերպ չի արձագանքում, որևէ որոշում չի կայացնում արդեն ավելի քան 7 ամիս: Ջերմուկում 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ամուլսարում աշխատանքների դադարեցման հետևանքով Ջերմուկում և հարակից համայնքներում սկսվել է արտագաղթ, փակվում են փոքր բիզնեսները, պակասել է առևտուրը խանութներում:

Նույնիսկ ճանապարհ փակողների մի մասն այս ամենի հետևանքով դադարել է մասնակցել ճանապարհների փակմանը: Ջերմուկում մեր աղբյուրները նշում են, որ մի քանիսը, ովքեր «հրահանգված են» չազատել ճանապարհները, դեռևս շարունակում են խոչընդոտել աշխատանքների վերսկսմանը: Անաշխատանք մնացած համայնքի բնակիչները «ռազբորկայի» են գնացել այս խմբի հետ: Արդյունքում՝ տեղի են ունեցել բախումներ, կան տուժածներ: Ոստիկանության կողմից, սակայն, այս մասին որևէ բան չի հաղորդվել: Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը նաև չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, չի ձերբակալել պատասխանատուներին: Դիմեցինք «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել միջադեպի մասին մեր տեղեկությունները:

Ընկերությունից հրաժարվեցին անդրադառնալ միջադեպին, ասացին միայն, որ տարածքում արդեն 7 ամիս շարունակվող ապօրինության վերացումը պատկան մարմինների գործառույթն է: Ամուլսարի շուրջ ամիսներ ձգվող այս անհեթեթ իրավիճակը և կառավարության անգործությունը լրջագույն հարված է հասցնում երկրի հեղինակությանն ու տնտեսությանը, ու նաև վտանգավոր զարգացումների է հանգեցնում այս համայնքներում: Արդյոք ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը վերջապես ժամանակ ու համարձակություն կգտնի՞ զբաղվելու երկրի այս պահի ամենալուրջ խնդիրներից մեկով, դժվար է ասել: Չնայած արդեն համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանի համար իր կուսակիցների հետ խաշ ուտելու թեման ֆեյսբուքյան ուղիղ եթերով քննարկելն ավելի կարևոր է, քան երկրում առկա հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքացիներին մտահոգող կենսական հարցերը

Այն հանգամանքը, որ ոստիկանությունը փութաջանորեն թաքցրել է համայնքում տեղի ունեցած բախումների մասին տեղեկատվությունը, գլուխը հողի մեջ թաքցնելու և Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի իրական մեղավորներին հովանավորելու քաղաքականության տպավորություն է թողնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...