«Մենք դարձանք դեպուտատ, դուք մնացիք բորտին». Սփյուռքի նախարարի օգնական 168.am

 

«Մենք դարձանք դեպուտատ, դուք մնացիք բորտին». Սփյուռքի նախարարի օգնական
 168.am-ը շարունակում է հետևել օպտիմալացվող կամ լուծարվող նախարարությունների շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքին։

Երեկ արդեն հրապարակվեց Կառավարության ծրագիրը, որի համաձայն՝ առկա թվով 17 նախարարություններից կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մնալու են թվով 12-ը։ ՀՀ Սփյուռքի նախարարությունն առհասարակ լուծարվելու է, և հայտնի չէ, թե թվով շուրջ 90 աշխատակիցներն  ինչ են անելու ձմեռվա կեսին։

Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր Մխիթար Հայրապետյանի՝ նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանը։

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմին տհաճ անակնկալ էր մատուցել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններից հետո «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստի ավարտին  լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն այլևս Սփյուռքի նախարար չի լինելու, այլ լինելու է խորհրդարանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարող եմ ասել, որ խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հանձնաժողովը»,- ասել էր նա: Վերջինս նաև ասել է, որ հնարավոր ամեն ինչ  արել է, որպեսզի նախարարությունը չփակվի, բայց ոչինչ չի ստացվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանին  հարցրել է, թե ինչ պետք է անեն աշխատանքը կորցնող այդ թվով 90 աշխատակիցները, բայց ավելի լավ կլինի՝ ինքը չասի, թե ինչ է պատասխանել վարչապետը։

Այնուամենայնիվ, Սփյուռքի հետ աշխատող, թերևս, միակ մասնագիտացված կառույցի լուծարումը չպետք է ինքնանպատակ լինի, հատկապես որ, ինչպես նախարարությունում են նշում, իրենց աշխատանքի գնահատում չի կատարվել ու չի ասվել, որ նախարարությունն անարդյունավետ կառույց է՝ այս-այս պատճառներով։

Բայց տարօրինակն այն է, որ իշխանություններին թվում է, թե Ամանորի շեմին աշխատանք կորցնող մարդիկ պետք է մեծ ցնծությամբ ընդունեին այդ «նվերը» ու ուրախ-զվարթ գնային «տներով», ինչպես ընդունված է ասել, և, ըստ երևույթին, շատ դժգոհ են, որ մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։

Եվ քանի որ ներկա իշխանությունների համար սովորական գործելակերպ է մի բան ասելն ու չանելը կամ ասածը հերքելը, կամ էլ չանելու համար ինչ-որ պատճառ հորինելը, այս անգամ էլ է դա, փաստորեն, հաջողությամբ իրականացվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, այսօր Սփյուռքի նախարարն իր «նազիր-վեզիրներով» հավաքում է նախարարության աշխատակիցներին ու փորձում նրանց համոզել գործադուլ չանել՝ խոստանալով, որ վաղն անպայման վարչապետի հետ կքննարկի նախարարության հետագա ճակատագիրը։ Այդ հանդիպման սկզբում, մինչ նախարարի գալը, ըստ երևույթին փորձելով թոթափել ստեղծված լարվածությունը, նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը «հումոր» է անում ու ներկաներին ասում՝ «Մենք դարձանք դեպուտատ, դուք մնացիք բորտին»…

Հաճելի է, չէ՞։ Մի քանի տասնյակ մարդ կանգնած է աշխատանքը կորցնելու շեմին, իսկ քաղաքական թիմի ներկայացուցիչ, պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը «հումոր» է անում։ Բայց իրականում մարդը լավ տրամադրություն ունի ու չի թաքցնում դա։ Ինքը հո աշխատանք չի՞ կորցնում։

Ինչևէ, հանդիպումից հետո նախարարության աշխատակիցներից մեկը հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին, որի ընթացքում, ըստ նախարարի, փակ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում։ Մանրամասներն էլ այն էին, որ վերջինս ասել էր, թե նախարարի պաշտոնակատարն իրենց հայտնել է, որ մինչև այսօր իրեն չի հաջողվել վարչապետին ապացուցել նախարարության արդյունավետությունը, և վաղը՝ ժամը 16։00-ին, ինքը պետք է հանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու քննարկի նախարարության լուծարման հարցը։

Ամենահետաքրքիրը սկսվում է այդ հարցազրույցից հետո։ Նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այնպես է նեղանում, որ նախարարության աշխատակիցների ֆեյսբուքյան խմբում մի գրառում է հրապարակում, որում գրում է. «Հրապարակել մեր խոսակցության բովանդակությունը, մեջբերումներ անել իմ խոսքերից…

Վաղվա իմ հանդիպումը չի կայանալու (նկատի ունի վարչապետի հետ իր հանդիպումը.- Ա.Վ), իսկ դուք ազատ եք ձեր իրավունքները պաշտպանելու հարցում, բայց եթե դա եղավ աշխատանքային ժամին, ստիպված եմ ի պաշտոնե «անդրադառնալ» այդ գործելաոճին»։

Հասկացա՞ք… Նախարարը հավանաբար մոռացել է, որ իրենց կուսակցության առաջնորդն էլ էր գործադուլի ու դասադուլի կոչեր հնչեցնում, ու ինքն էլ ողջունում էր այդ կոչերը, ավելին, առաջնորդում գործադուլավորներին։

Բա ի՞նչ պատահեց. երկրում կրկին իրավիճակ փոխվե՞ց, ու հիմա արդեն նախարար, պաշտոնյա Մխիթար Հայրապետյանը հոխորտում է ու աշխատակիցներին սպառնո՞ւմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով