ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Այս նախաձեռնությունը որոշակի մտահոգություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. առաջացած հարցերը ՊԵԿ նախագահի հետ զրույցում փորձել է հստակեցնել Ռադիոլուրը:
Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը: Սա դեռ գաղափար է, որը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել, բայց որն արդեն հասցրել է քաղաքացիների շրջանում անհանգստություն հարուցել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է՝ ո՞ւմ ուղարկված ի՞նչ գումարների հարկման մասին է խոսքը:
Միայն 2017-ին Հայաստան է մտել 1 մլրդ 756 միլիոն դոլար տրանսֆերտ: Սա միայն ֆիքսված թվերն են, այսինքն՝ այն գումարները, որոնք փոխանցվել են բանկերով կամ ֆինանսական համակարգերով: Դրան զուգահեռ՝ չափելի չեն առձեռն կամ այլ անձանց միջոցով երկիր ուղարկված հոսքերը: Որպես համեմատություն՝ նույն 2017-ին ՀՀ ՀՆԱ ֆիզիկական ծավալը 11.6 մլրդ դոլար էր՝ տրանսֆերտների գրանցված ծավալից ընդամենը մոտ 10 անգամ ավելի: Այսինքն՝ միայն տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ը նախատեսում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը:
Կարծում եմ՝ պետք է սահմանենք տարեկան հայտարարագրի լրացման ու հարկերի վճարման ժամկետ՝ անպայման սահմանելով առնվազն 2 ամիս: Այսինքն, օրինակ՝ եկող տարվա մարտի 15-ը լինի հայտարարագրի լրացման, իսկ մայիսի 15-ը՝ հարկերի վճարման վերջնաժամկետ: Բոլորը դառնալու են եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնողներ, բայց հնարավոր է այդ հայտարարագրի արդյունքում վճարվելիք հարկեր չառաջանան:
23 տոկոս եկամտային հարկ վճարող է դառնալու բնակչության այն ստվար զանգվածը, որն ինքնազբաղված է, որը զբաղված է գյուղոլորտում, որոնց արտադրանքի մի մասը հանվում է վաճառքի, բայց դրա շրջանառությունն էլ չի երեւում: Եկամտային հարկով լրացուցիչ կհարկվեն նաեւ գրանցված աշխատողները, եթե նրանք աշխատավարձից զատ այլ եկամուտ էլ ունեն: Ինչպե՞ս են արձագանքում ՊԵԿ-ի նոր մոտեցմանը մեր քաղաքացիները. «Ռադիոլուրի» փոքրիկ հարցախույզը:
Մարդկանց եկամուտները հարկային մարմինների համար չափելի դարձնելու նպատակով կիրառվելու է ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը՝ առաջնորդվելով դրույթով, որ հենց սպառման ժամանակ են երեւում մարդու իրական եկամուտները:
Իսկ որպեսզի մարդն առավել շահագրգիռ լինի իր եկամուտները հարկային մարմիններին տեսանելի դարձնել, ՊԵԿ-ից որոշել են խթան էլ ներդնել. ID քարտերը դառնալու են կուտակիչ, ու այդ քարտով կատարված առեւտրի 1-3 տոկոսը կվերադարձվի քաղաքացուն: Դավիթ Անանյանը խոստովանում է՝ սա էլ մարդու եկամուտների ողջ պատկերը տեսնելու նախապայման չէ, բայց խթանելու որոշակի տարբերակ է:
«Խոսքն արդարացի հարկային օրենսդրության ներդրման մասին է: Եթե դրանով արդարացիության հարցը լուծվում է՝ ես կողմ եմ, իհարկե: Բայց թե դա ինչպես կիրագործվի, ինչպիսի դրսեւորումներ կունենա ու ինչ ազդեցություն սոցիալական վիճակի վրա, արդարացի կլինի, դա արդեն հարցի մյուս կողմն է»:
Հարկային բեռի բարձրացմամբ Հայաստանը կհաջողի՞ արդար հարկման խնդիրը լուծել, սոցիալական այս պայմաններում ինչպիսի նոր բեռ կդառնա նոր՝23 տոկոսանոց հարկը, դեռ մնում է ժամանակի ու քննարկման լուրջ հարց:
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»