Հայկական «Սև ուրբաթ»․ 55 000 դրամանոց ապրանքը վաճառվել է 60 000-ով․ Բաբկեն Պիպոյան

Նոյեմբերի 23-ից մեկնարկած «Սև ուրբաթի» շրջանակում հայաստանյան բազմաթիվ խանութներում հայտարարվել են զեղչեր։ Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 24news-ի հետ զրույցում նշեց, որ ահազանգ են ստացել, որ  «Սև ուրբաթ»-ի շրջանակում ապրանքն էժանանալու փոխարեն թանկացել է։

«Տգեղ միջադեպեր ենք արձանագրել․ նախորդ օրը տվյալ ապրանքը վաճառվել է 55 հազար դրամով, «Սև ուրբաթ»-ի օրը գնի ավելացում է եղել, և նույն ապրանքը զեղչի տակ վաճառվել է 60 հազարով»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի՝ Հայաստանում զեղչերի սահմանման մասով իրավակարգավորում չկա։ Տնտեսվարողը տարբեր մեխանիզմներով կարող է մոլորեցնել սպառողին ու պատասխանատվության չենթարկվել։

«Այլ երկրներում «զեղչ» եզրույթն իրավական առումով կարգավորվում է։ Զեղչի հաշվարկման համար կարևոր է ունենալ շուկայական միջին գնի վերաբերյալ տեղեկատվություն։ Հստակ կարգավորումներ կան, թե որ դեպքերում կարող է զեղչ սահմանվել։ Եվրոպական երկրներում տնտեսվարողը չի կարող 100 հազար դրամանոց ապրանքը հաջորդ օրը 20 հազար սահմանել կամ հայտարարել զեղչ, բայց իրականում չանել, մինչդեռ Հայաստանում կարող է նման բան լինել», — ասաց Բաբկեն Պիպոյանը և հավելեց, որ «Սև ուրբաթը» մշակույթ է, ուստի ժամանակ է պետք, որպեսզի այդ մշակույթը մտնի նաև մեր իրականություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բարձրակրունկի վրա քայլելը գեղեցիկ է, բայց երբ փոքր երեխան է բարձրակրունկի վրա քայլում, ընկնում է։ Որոշ ժամանակ անց երեխան այլևս չի ընկնում, բայց դեռ ծիծաղելի ձևով է քայլում։ Այնքան է քայլում, մինչև սկսում է նորմալ քայլել»,-համեմատեց Պիպոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով