Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները, որոնցից մեկն էլ մխրճվել է խանութի մեջ. խանութի աշխատակիցները հրաշքով են փրկվել, իսկ վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 50 հասցեի դիմաց բախվել են Զովունի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Խաչիկ Թեքելյանի վարած Opel մակնիշի 34 PR 689 համարանիշի և Քանաքեռ 12 փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel մակնիշի 35 NG 486 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդ Ա. Մանուկյանը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևկելի գոտի և մխրճվել խանութի մեջ։ Վթարի հետևանքով Խ. Թեքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խանութի մեջ մխրճված Opel-ի պատճառով խանութի սեփականատերը խոշոր չափի վնաս է կրել և այդ պահին խանութում մարդիկ են եղել, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով