Զոհված ոստիկանի մայր. «Սասնա ծռերին» քաղաքականություն մտցնողներն իմ բախտին արժանանան».

Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով՝ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ Արցախում ունեցած ելույթին, որտեղ պարոն Գրիգորյանն ասում է, թե «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հերոս են եւ պետք է բոլորն ազատ արձակվեն՝ ներառյալ սպանության մեջ մեղադրվողները, ՊՊԾ գնդի գրոհի ժամանակ ծանր վիրավորում ստացած եւ մեկ ամիս անց մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանն ասաց. «Շատ սխալ են խոսում, նրանք հերոսներ չեն, ահաբեկիչներ ու մարդասպաններ են: Հերոսն իմ տղան է: Ստեփան Գրիգորյանը թող խորը մտածի, նոր խոսի:

Չեն հասկանո՞ւմ, թե ինչ ցավ է միակ տղային կորցնելը մարդասպանների ձեռքով, ախր դա անիմաստ մահ էր»: Տիկին Անահիտը հավելեց, որ թեեւ Ժիրայր Սեֆիլյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է, թե ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրենց արգելել է հանդիպել Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» հետ, սակայն դա զոհված ոստիկանների հարազատների որոշումն է: «Ինչ է, մենք թասիբ չունե՞նք, զգացմունք, սիրտ ու հոգի չունե՞նք, որ էդ խեղճ մարդուն (Վալերիյ Օսիպյանին-Գ.Հ) են մեջտեղ գցում….Շատ սխալ են անում, թող իզուր տեղը հեքիաթներ չհորինեն,

թող իրական հեքիաթ հորինեն, թե չէ ինչ ֆանտազիա ունեն, խոսում են: Ամոթ իրենց, որ նման բաներ են ասում: Մենք ինքներս չենք ուզում Սեֆիլյանի հետ հանդիպել, մեր թշնամու հետ ո՞նց հանդիպենք, դա լինելու բան չի…Շատ իզուր, որ մեզ հետ հանդիպում են փնտրում: Ես բազմիցս հարցազրույցներում ասել եմ՝ ովքեր «Սասնա ծռերին» աջակցում են, հովանավորում են, թող իմ բախտին արժանանան: Նաեւ նրանք, որոնք հովանավորեցին, որ «Սասնա ծռերը» մտնեն քաղաքական դաշտ: Իրենք չպետք է ազատ արձակվեն, պետք է ցմահ դատապարտվեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուզում եմ ասել, որ սխալ արտահայտություններ չանեն: Իբր ուրախ եմ, որ մտնում են քաղաքական դաշտ այդպիսի ագրեսիվ մարդիկ, մի հատ էլ ուզում են հերոս ձեւանա՞ն: Նրանք ագրեսիվ դահիճ մարդասպաններ են, որոնց պատճառով իմ տղան զոհվեց»,- ասաց Անահիտ Մկրտչյանը: ՊՊԾ գնդի գրավման առաջին զոհի՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի որդին՝ Ժորան ընդհանրապես չցանկացավ մեկնաբանել Ստեփան Գրիգորյանի հայտարարությունը: Հավելենք, որ Ստեփան Գրիգորյանն Արցախում նաեւ հայտարարել էր,

որ «Սասնա ծռերը», դեսպան Արա Պապյանը եւ ինքը միասին լուրջ դաշինքը են, եւ ինքը որպես քաղաքագետ խոստում է տալիս, որ բանտում գտնվողներն էլ ազատ կարձակվեն, քանի որ «Սասնա ծռերը» եւ Ժիրայր Սեֆիլյանը հերոս են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Aravot.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով