Արցախի Հանրապետությունում մեկնարկել են ՊԲ զորավարժությունները

Նոյեմբերի 6-ին Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ, որոնց նպատակն է կատարելագործել  ներգրավված ստորաբաժանումների և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման պլանների իրատեսությունը, նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը և բարձրացնել սպաների, հրամանատարների,  կառավարման մարմինների գործնական ունակությունները` ժամանակակից մարտի կազմակերպման, զորքերի անընդհատ կառավարման,  ստորաբաժանումների, զորատեսակների և ծառայությունների միջև փոխգործողության իրականացման, ինչպես նաև համակողմանի ապահովման ուղղությամբ:

Բանակային տարվա կարևորագույն միջոցառումը իրականացվել է չորս փուլով և գտնվել պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մշտական ուշադրության կենտրոնում:  Քառափուլ զորավարժության առաջին փուլի ընթացքում ներգրավված զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել կիրառման շրջանները: Հետագա փուլերի ընթացքում իրականացվել են պաշտպանական մարտերի վարումը, ստորաբաժանումների անընդհատ ղեկավարումը, մարտական դիրքերի ամրացումը և հակառակորդի դիվերսիոն ներթափանցման խմբերի դեմ պայքարը: ՊԲ հրամանատարի գլխավորությամբ  անցկացվել են խորհրդակցություններ և լսումներ, օպերատիվ իրավիճակին համապատասխան ներկայացվել են զորավարժություններին ներգրավված զորամասերի հրամանատարների ընդունած որոշումներն ու առաջարկները:

Վերջին փուլում` մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում խաղարկվել է «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն:

Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարության հմուտ ղեկավարման,  կրակի կառավարման, հետախուզական, ինժեներական, հրետանային և հակաօդային ստորաբաժանումների անհրաժեշտ փոխգործակցության կազմակերպման շնորհիվ ներգրավված անձնակազմը հաջողությամբ և նախանշված ժամկետներում կատարել է առաջադրված մարտական խնդիրները և գրանցել բարձր արդյունքներ:

Ամփոփելով և վերլուծելով զորավարժության արդյունքները` կարելի է արձանագրել, որ առաջադրված և զորավարժության պլանով նախատեսված  բոլոր խնդիրներն իրականացվել են հաջողությամբ, ներգրավված անձնակազմն ու ղեկավարությունը պայմանական մարտադաշտում ցուցադրել է մարտավարամասնագիտական,  ֆիզիկական և բարոյակամային պատրաստության գերազանց ցուցանիշներ և մարտունակության բարձր աստիճան, ինչն էլ ևս մեկ անգամ փաստել է, որ հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում Պաշտպանության բանակի զորամասերը ի վիճակի են պաշտպանական հաջող մարտեր իրականացնել և հետ շպրտել հակառակորդին, որից հետո էլ հասցնել հուժկու հակահարված:

 

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ

Մարտիկ պաշտոնաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով