Ծերանոցի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին. «Հրապարակ»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել է Չորրորդ գյուղում գտնվող թիվ մեկ տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին։ Հիմնավորումը Զուրաբյանի նկատմամբ վստահությունը կորցնելն է։

Նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանը մեր խնդրանքով պարզաբանեց Զուրաբյանի պաշտոնանկության պատճառները։

«1. ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով սահմանված լիազորությունների ու պարտականությունների ոչ լիարժեք կատարում,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների եւ սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործում,

3. Աշխատողի նկատմամբ վստահության բացակայություն,

4. Աշխատակցի գրավոր բողոք՝ Վահան Զուրաբյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. Շահառուի գրավոր բողոք՝ Վահան Զուրաբյանի պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ։ Պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ քրեական գործի առկայություն,

6. Բազմաթիվ քաղաքացիների բողոքներ Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող սոցիալական բնակարանային շենքում անպարկեշտ միջավայրի առկայության մասին.

7. ԱՍՀՆ-ում ստեղծված աշխատանքային հանձնաժողովի կողմից բացահայտված բազմաթիվ չարաշահումներ՝ վարձով տրված բնակարաններ, չբնակեցված բնակարաններ»։

Վահան Զուրաբյանը համաձայն չէ այս հիմնավորման հետ։ «Մինչեւ աշխատանքից ազատելն ինձ պարզ հասկացրեցին, որ ինձ հետ չեն ուզում աշխատել»,- ասում է նախկին տնօրենը։ Նա վստահեցնում է, որ իրեն հստակ չեն ներկայացրել, թե ինչն է ազատման պատճառը, ինչու եւ երբ են կորցրել իր նկատմամբ վստահությունը։ Նա իր պաշտոնանկության մի քանի վարկած ունի։

Ասում է, որ Մանե Թանդիլյանն է իրենից դժգոհ։ Վերջերս նախարարը գիշերով այցելել է ծերանոց, պահակն իրեն չի ճանաչել եւ ներս չի թողել, որից հետո, ըստ Վահան Զուրաբյանի, նա, այնուամենայնիվ, մտել է ներս, անցել է տարածքով եւ հայտնաբերել, որ լողասենյակներից մեկում չկա վարագույր։ «Իրեն բացատրվել է, որ վարագույրն իմաստ չունի, քանի որ այնտեղ լողացող ծերերն ինքնուրույն չեն կարողանում դա անել, եւ նրանց օգնում են»,- ասում է Զուրաբյանը։

Մանե Թանդիլյանը նաեւ գոհ չի եղել սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման համակարգում եղած խնդիրներից։ Այդ ծրագրով մանկատան նախկին սաները, ծնողազուրկ երեխաները, միայնակ թոշակառուները բնակտարածք էին ստանում։ «Պայմանագրերը կնքելն ու հսկողությունը, օժանդակումը, հարկ եղած դեպքում պայմանագրի լուծումը մեզ վրա էր, իսկ բնակարանները տալիս է նախարարությունը։ Սա ամենածանր խավն է, բնակարանի հետ կապված՝ եղել են բազմաթիվ խնդիրներ։ Մեկը ստեղ չի կարողանում ապրել, աշխատանք չի գտնում, գնում է Ռուսաստան, մյուսը վարձով է տալիս բնակարանը, ինչի իրավունքը չունի։

Նման մարդկանց պետք է բնակարանից զրկես, բայց մենք միանգամից չենք զրկել, առանձին-առանձին հետները խոսել ենք, ժամանակ ենք տվել, որ ուղղվեն։ 17 պայմանագիր լուծել են, եւ դա քիչ չէ։ Բայց նախարարն ուզում էր, որ անմիջապես լուծվեն պայմանագրերը, մի օր էլ չտանք նրանց։ Ինձ ասացին՝ ինչո՞ւ, եթե ժամկետը լրանում է, նույն րոպեին չես լուծել պայմանագիրը։

Ես հանդիպեցի, ասացի իրեն՝ եթե ձեր քաղաքականությունը դա է, ես երեք օրում բոլորի պայմանագրերը կլուծեմ, բայց սա այն խավը չէ, չի կարելի այդպես վերաբերվել նրանց հետ։ Օրինակ, մի մանկատան սան կա, ասում է՝ լավ եմ արել, վարձով եմ տվել տունս, կարա՞ք հանեք։

Սա էն երեխեքից է, որ բենզին կլցնի, իրեն կվառի, այդ կատեգորիան է։ Եթե հանկարծ վնաս տվեց իրեն, ի՞նչ ենք անելու»։ Վստահությունը կորցնելու երկրորդ պատճառը, ըստ տնօրենի, կարող է լինել ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի այցն առաջին տուն-ինտերնատ՝ այս տարվա հունվարին։ Այդ ժամանակ ինքը մի քանի ամսվա տնօրենի ԺՊ է եղել։

Գորգիսյանն ականատես է եղել, թե ինչպես են ծերերը բողոքում կերակուրից, որոշ կիսաքանդ սենյակներ էր այցելել, որտեղ բնակվելը վտանգավոր էր առողջության համար։ «Այդ ժամանակ Գորգիսյանը եկավ, աշխատողներիցս մեկը նրա մայրիկի ստաժորն էր՝ ցույց տվեց իրենց խնդիրներով սենյակները, այն ժամանակ ես նոր էի աշխատում, դեռ նոր էի սկսել սենյակներում հիմնանորոգումներ անել, հիմա էլ այդպիսի սենյակներ չես գտնի մեզ մոտ»,- ասում Է Վահան Զուրաբյանը: Նա նաեւ պատմեց, որ տարածքից դուրս գալիս Գորգիսյանը խփել է իր ավտոմեքենային եւ առանց իրեն ասելու փախել։

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով