«Սա Նիկոլ Փաշինյանի կերպարի ֆետիշացման տրամաբանական ավարտն է, հիմա, փաստորեն, այդ պրոցեսը հասել է ինտելեկտուալ մակարդակի». Արքմենիկ Նիկողոսյան. «Ժողովուրդ»

Իջեւանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը։ Այս մասին տեղեկանում ենք Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջեւանի համայնքապետարանին Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»։ Ի դեպ, համայնքապետարանի կայքը կարճ ժամանակ անց հեռացրել է այս գրառումը։

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Նա նկատել է, որ այս երեւույթը Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու ցայտուն դրսեւորում է, կյանքից հետ մնացածի կողմից պնակալեզություն։

– Պարոն Նիկողոսյան, ինչպե՞ս կորակեք այս երեւույթը։ Դեռեւս հեղափոխության մեկնարկին Դուք ահազանգում էիք Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու վտանգի մասին։ Կարծես թե սա էլ դրա դրսեւորումներից մեկն է, այդպես չէ՞:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ցանկացած հասարակության, հայ հասարակության մեջ առավել եւս, կա, այսպես կոչված, մի կողմ քաշվածների խավ։ Այդ մարդիկ ե՛ւ նախորդ իշխանությունների օրոք էին մի կողմ քաշված, ե՛ւ հեղափոխության սկզբնական օրերին: Նրանք հանգիստ սպասում են, որ տեսնեն՝ դեպքերն ինչպես կզարգանան, որ ով հաղթի, նրա կողմը բռնեն։ Եվ երբ հեղափոխությունը հաղթեց, այդ խավը հետ մնաց կյանքից, ուստի ձգտում է ամեն կերպ ուշադրության կենտրոնում լինել, հեղափոխության օրերին չարածը անել՝ ասենք, առաջնորդին բանաստեղծություններ ձոնելով եւ այլն։ Սա Նիկոլ Փաշինյանի կերպարի ֆետիշացման տրամաբանական ավարտն է, հիմա, փաստորեն, այդ պրոցեսը հասել է ինտելեկտուալ մակարդակի։ Սա պարզապես աղետ է, հասարակության ոչ զարգացած լինելու արտահայտությունը։

Հեղափոխությունը՝ որպես արժեքային համակարգ, այդպես էլ չի ներխուժել այդ հասարակության մեջ։ Մի բան էլ՝ Դուք միայն հրապարակված ներբողներն եք տեսնում, այնինչ, ես վստահ եմ, որ, օրինակ, «Գրքի երեւանյան փառատոն»-ի հայտատուները Նիկոլ Փաշինյանին նվիրված պատմվածքներ եւ բանաստեղծություններ են ներկայացրել։ Ցավոք, շատ բան է խաթարվում հեղափոխության անվան տակ, իսկ այդ ֆետիշացումները լավ բանի չեն հանգեցնի։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով