Իջեւանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը։ Այս մասին տեղեկանում ենք Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջեւանի համայնքապետարանին Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»։ Ի դեպ, համայնքապետարանի կայքը կարճ ժամանակ անց հեռացրել է այս գրառումը։
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Նա նկատել է, որ այս երեւույթը Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու ցայտուն դրսեւորում է, կյանքից հետ մնացածի կողմից պնակալեզություն։
– Պարոն Նիկողոսյան, ինչպե՞ս կորակեք այս երեւույթը։ Դեռեւս հեղափոխության մեկնարկին Դուք ահազանգում էիք Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու վտանգի մասին։ Կարծես թե սա էլ դրա դրսեւորումներից մեկն է, այդպես չէ՞:
– Ցանկացած հասարակության, հայ հասարակության մեջ առավել եւս, կա, այսպես կոչված, մի կողմ քաշվածների խավ։ Այդ մարդիկ ե՛ւ նախորդ իշխանությունների օրոք էին մի կողմ քաշված, ե՛ւ հեղափոխության սկզբնական օրերին: Նրանք հանգիստ սպասում են, որ տեսնեն՝ դեպքերն ինչպես կզարգանան, որ ով հաղթի, նրա կողմը բռնեն։ Եվ երբ հեղափոխությունը հաղթեց, այդ խավը հետ մնաց կյանքից, ուստի ձգտում է ամեն կերպ ուշադրության կենտրոնում լինել, հեղափոխության օրերին չարածը անել՝ ասենք, առաջնորդին բանաստեղծություններ ձոնելով եւ այլն։ Սա Նիկոլ Փաշինյանի կերպարի ֆետիշացման տրամաբանական ավարտն է, հիմա, փաստորեն, այդ պրոցեսը հասել է ինտելեկտուալ մակարդակի։ Սա պարզապես աղետ է, հասարակության ոչ զարգացած լինելու արտահայտությունը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: