Քաղաքապետ ընտրվելու դեպքում աշխատանքային օրվա 80 տոկոսն աշխատասենյակում չի լինելու

Երևանի քաղաքապետի թեկնածուն արդեն որոշել է` քաղաքապետ ընտրվելու դեպքում աշխատանքային օրվա 80 տոկոսն աշխատասենյակում չի լինելու։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրողներին սևի ու սպիտակի չի բաժանում։ Այս մասին այսօր Sputink Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեցին ավագանու թեկնածուները։ Քաղաքական այս ուժի համար առավել նախընտրելի է կանաչ գույնը։ Հենց այդ գույնով են նրանք պատկերացնում Երևանի ապագան։

«Մենք ցանկանում ենք ավելացնել Երևանի կանաչ մակերեսը։ Վերջին շրջանում մայրաքաղաք ներմուծվող ծառերի տեսակները չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին»,- ասաց կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող անկուսակցական Արտակ Ավետյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուսակցության թեկնածու, էկոլոգ Վահագն Հակոբյանն էլ առաջ է քաշում մայրաքաղաքում պատերին բարձրացող բուսատեսակների ավելացումը, որը ոչ միայն լրացուցիչ տեսք, այլև թարմություն կբերի քաղաքին` մեղմելով պատերի տաքացումն ու ամառվա անտանելի շոգը։

Քարոզարշավի ընթացքում ռեֆորմիստները հրաժարվել են բարձրախոսներից ու պարզապես այցելել են երևանյան բակեր, զրուցել երևանցիների հետ, ավելի շատ լսել են, քան խոսել։

«Արաբկիրում մի կին մոտեցավ, ասաց` քեզ ձայն չեմ տալու, բայց խնդիր ունեմ։ Կինը կես ժամ պատմեց ինձ իր խնդիրների մասին, ես լսեցի, գրի առա։ Վերջում ասացի` տիկի՛ն, բայց ինչո՞ւ չեք դիմում այն թեկնածուին, որին ընտրելու եք։ Ասաց` գիտեք, նա շատ զբաղված է լինում, գալիս, արագ գնում է, չեմ հասցնում մոտենալ»,- կեսլուրջ- կեսկատակ պատմեց Ավետյանը և ավելացրեց,- կարծում եմ` դուք հասկացաք, թե ես ինչպիսի քաղաքապետ եմ պատրաստվում լինել»։

Ընտրվելու դեպքում Ավետյանը խոստանում է աշխատանքային օրվա միայն 20 տոկոսն անցկացնել աշխատասենյակում, մնացած 80-ը`դրսում` երևանցիներին լսելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտակ Ավետյանն, ի դեպ, այն միակ թեկնածուն է, որ քարոզարշավի օրերին չի մոռացել նաև Երևանի չորքոտանի բնակիչների մասին։ Ավետյանն իր թիմով այցելել է Դավիթաշենում թափառող կենդանիներին խնամող տիկին Նունեին ու արձանագրել, թե ինչ անմարդկային պայմաններում է նա կատարում իր բարի գործը։

Երևանի թափառող կենդանիների խնդիրը լուծելու համար ռեֆորմիստներն առաջարկում են տնտեսվարողների հետ համագործակցությամբ, նրանց պատկանող ամայի տարածքներում ստեղծել կացարաններ` փոխարենը նրանց հարկային որոշակի արտոնություններ տրամադրելով։

Բացի այդ, կենդանիների զբոսանքի համար Երևանում կստեղծվեն հատուկ կանաչ տարածքներ, այգիներ, որտեղ կենդանիների իրավունքները պաշտպանված կլինեն, և նրանք էլ չեն խանգարի այգիներ այցելող քաղաքացիներին։

Ռեֆորմիստների կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է նաև քաղաքը խցանումներից ազատելու համար վերգետնյա նոր կայանատեղիներ կառուցել, խելացի լուսացույցներ տեղադրել, խթանել հեծանիվներով երթևեկելը։ Բացի այդ, մայրաքաղաքում առաջարկվում է այլընտրանքային էներգիայի ներդրման ծրագիր, քաղաքային պոլիկլինիկաների արդիականացում, գույքահարկի նվազեցում` ըստ գոտիականության։

Բայց Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում Արտակ Ավետյանն արդեն որոշել է` առաջին գործը լինելու է ձմռանը նախապատրաստվելը։

«Ըստ կանխատեսումների` այս տարի ձնառատ ձմեռ է սպասվում, դրա համար ձմռանը պետք է նախապես պատրաստ լինենք, որպեսզի ձնամաքրման աշխատանքները ժամանակին իրականացնենք»,- ասաց նա։

Արտակ Ավետյանը 42 տարեկան է, երկու երեխաների հայր։ Ունի երկու մասնագիտություն` դիզայներ և ռեժիսոր. ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայներական ֆակուլտետը և Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ռուս դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Դիզայն է ուսումնասիրել նաև ԱՄՆ-ի Չիկագոյի արվեստի միջազգային ակադեմիայում։ Մի շարք ֆիլմերի ու հեռուստանախագծերի հեղինակ է։

1995-97թթ-ին ծառայել է հայկական բանակում։

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով