«Փաշինյանի թիմը շտապում է, որովհետեւ ապրիլ-մայիսին վարկանիշի անկում է ունենալու». փորձագետ

«Որքան գիտեմ՝ ընտրությունները բավականին մաքուր են անցել, բայց տեսնում եմ նաեւ խնդիրներ: Ինձ համար տարօրինակ է, որ քարոզարշավի ընթացքում հնչեցին ներքին քաղաքական կարգախոսներ, չէ՞ որ դրանք ԱԺ կամ նախագահական ընտրություններ չէին»,-«Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի կենտրոնի տեսակապի միջոցով լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասաց միջազգային և անվտանգության հարցերի փորձագետ, 1991-1993թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդատու Աշոտ Մանուչարյանի օգնական, ռուսաստանաբնակ Վլադիմիր Պողոսյանը:

Նրա խոսքով. «Իրականում մարդիկ ավելի շատ քվեարկել են ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին, այլ պարզապես վարչապետի վարկանիշն է օգտագործվել: Իսկ առհասարակ, այս ընտրությունները վարչապետի համար կարեւոր էին՝ ՀՀԿ-ին ցույց տալու համար, որ վստահության քվե ունի: Իհարկե, ՀՀԿ-ն ստացավ հնարավորություն ասելու, որ՝ կներեք, տղաներ, բայց 43 տոկոս մասնակցությունը մեծամասնություն չէ»:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների շուրջ բանակցությունների միջով համաձայնության գալու վարչապետի հայտարարությանը, Վլադիմիր Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ շտապել պետք չէ. «Խոսվում է, որ գուցե նոյեմբերին կայանան ԱԺ ընտրությունները, բայց ինչո՞ւ այդպես հապճեպ…ընտրությունները պետք է կայանան ոչ շուտ, քան կես տարի հետո, որպեսզի մյուս քաղաքական ուժերն էլ նախապատրաստվեն: Իշխանությունը հասկանում է, որ մյուս տարվա ապրիլ-մայիսին վարկանիշի անկում կունենա: Փաշինյանի թիմը շտապում է, որովհետեւ պատրաստ է, բայց մյուս կուսակցությունները չեն հասցնի պատրաստվել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով