Վարորդի պնդմամբ, Սամվել Ալեքսանյանի մտերիմ «Նորագյուղցի Բոգոն» իրեն ծեծել է, հափշտակել բնակարանի գումարը․ հարուցվել է քրգործ

Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչել Երևանի կենտրոնական ավտոկայանի արդեն նախկին վարորդին, ով մոտ մեկ ամիս առաջ իրավապահներին հաղորդում է տվել իշխանափոխությունից առաջ՝ 2017-ի սեպտեմբերին իր հանդեպ տեղի ունեցած «հանցագործության» մասին։ Քրեական գործը հարուցվել է շորթման հատկանիշներով։

Միջքաղաքային երթուղու նախկին տաքսիստն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի ուզում հրապարակել իր անունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Իրավապահներին ներկայացրած բողոքի մեջ նա նկարագրել է, թե ինչպես են 100 հազար դրամ պարտքի դիմաց իրենից հափշտակել 5 հազար դոլար։ «Բնակարանս վաճառել եմ, իրանց գումար եմ տվել․․․ ծեծել էին ինձ, ճնշել էին, սպառնում էին ընտանիքիս անդամներով, որ գումարը չտալու դեպքում իրանց կվնասեն»,- «Ազատությանն» ասաց նա:

Վերջինս պատմեց նաև, որ իրեն առևանգողն ու ծեծի միջոցով իր ձեռքից 5 հազար դոլար հափշտակողը ավտոկայանի, այսպես կոչված, «նայող» համարվող «Նորագյուղցի Բոգոն» է՝ Ռուբեն Կոստանյանը, որը, ըստ հայաստանյան մամուլի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի և իշխանափոխությունից հետո խմբակցությունը լքած գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներից է․ «Ինքն ասում էր՝ ոստիկանություն, կամ ում ուզում ես դիմի, սաղ օրենքը մեր ձեռն ա: Հին իշխանությունների ժամանակ չեմ դիմել, իմանալով, որ Սամվել Ալեքսանյանն իրա մտերիմ հարազատն ա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ ավտոկայանում աշխատած նախկին վարորդի, ինքը չի կարողացել վճարել մեքենայի վարձակալության 100 հազար դրամ գումարը։ Այդ մասին Ռուբեն Կոստանյանն ու նրա մարդիկ ամիսներ շարունակ լռել են, բայց, ինչպես նշում է քրգործով տուժող ճանաչված վարորդը, նրանք ակտիվացել են այն ժամանակ, երբ տեղեկացել են, որ ինքը պատրաստվում է բնակարանը վաճառել։ Առևանգել են իրեն, տարել ավտոկայանի հետնամաս ու ծեծի ենթարկել․ «6-7 հոգով են ծեծել, իրա հարազատներն են եղել, մեծ տղան, փոքր տղան, իրա զինվորիկները: Խորովածի շամփուրով ծեծել են»:

Դեպքից հետո այս քրեական գործով տուժող ճանաչված վարորդը թողել է աշխատանքն ու մեկնել արտերկիր։ Ասում է, որ հանրապետականների օրոք անիմաստ էր դիմել իրավապահներին։ Բայց իշխանափոխությունից հետո վերադարձել է ու որոշել ընթացք տալ արդեն նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած դեպքին։ Վարորդը պնդում է՝ մինչև վերջ պայքարելու է,

որ մեղավորները պատժվեն, չնայած հանգամանքին, որ, ինչպես ինքն է պնդում, «գործով վկաներից մեկին արդեն վախեցրել են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Azatutyun.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով