«Արեգակ» ՈՒՎԿ-ի վարկային բաժնի պետը քաղաքացիների անունով վարկեր է վերցրել եւ փախել

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Հովիկ Գրիգորյանը: Նա պատմեց, որ առանց իր իմացության «Արեգակ» վարկային կազմակերպությունը իրեն եւ էլի շատ քաղաքացիների վարկերի երաշխավոր է դարձրել:

Գրիգորյանի խոսքով, մոտ 2 տարի առաջ «Արեգակ» վարկային կազմակերպության Էջմիածնի մասնաճյուղի վարկային բաժնի պետ Արսեն Մանուկյանը մոտ 20-25 հոգու անունով վարկեր է վերցրել իրենց կազմակերպությունից եւ այդ մարդիկ համաձայնություն են տվել այն պայմանով, որ պետք է նա այդ գումարը փակի:

Սակայն Գրիգորյանը նշում է, որ Մանուկյանը չի փակել այդ գումարը, փախել է երկրից: Այնուհետեւ այդ գումարների վճարման պարտավորությունը մնացել է այդ մարդկանց վրա եւ նրանք փորձել են գտնել Մանուկյանին: Հետո տեղեկացել են, որ Մանուկյանը Մոսկվայում է եւ դիմել են Արմավիրի մարզի ոստիկանություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մանուկյանին բերեցին Հայաստան, գործը դեռ հետաքննության փուլում է: Առերեսվել ենք նրա հետ, նա ասել է՝ ես չեմ հրաժարվում, ես վերցրել եմ, ես էլ կփակեմ այդ գումարը: Հարցնում ենք՝ ինչպե՞ս ես փակելու, ասում է՝ կաշխատեմ, կփակեմ: Դա շատ խոշոր գումարներ է՝ մեկից մեկուկես միլիոն, տոկոսներով եկել մեծ գումար է դարձել»,- պատմեց Գրիգորյանը:

Վերջինս հայտնեց, որ բանկի կառավարչի հետ են հանդիպել, բայց նա նշել է, որ ոչնչից տեղյակ չի: Խոսակցության ընթացքում պարզ դարձավ՝ բացի այդ 20-25 հոգուց Մանուկյանը ներգրավել է նաեւ նույն քանակությամբ երաշխավորներ: Մեր զրուցակից Հովիկ Գրիգորյանը այդ երաշխավորներից մեկն է, սակայն մեզ հետ զրույցում նա նշեց, թե տեղյակ չի եղել, որ իրեն երաշխավոր են ներգրավել:

Հարցին՝ եթե տեղյակ չէ, ինչպե՞ս է երաշխավոր դարձել, Գրիգորյանը արձագանքեց. «Ես ժամանակին վարկային պատմություն եմ ունեցել այդ ընկերությունում, տվյալները այդտեղից են վերցրել եւ կեղծ ստորագրություն են դրել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես ժամանակին, երբ վարկ եմ վերցրել այդ ընկերությունից, հարցրել եմ՝ հնարավո՞ր է երաշխավորը չներկայանա, քանի որ աշխատանքի մեջ է, ասել են՝ ոչ, պարտադիր ներկա պետք է լինի: Կառավարչին հարցրեցի՝ հիմա, առանց իմ ներկայության ինչպե՞ս եք ինձ երաշխավոր ներգրավել, Էջմիածնի մարզային կառավարիչ Արա Թարվերդյանը ինձ ասել է՝ այն ժամանակ օրենքն ուրիշ էր, ես քեզ չեմ տեսել, բայց հիմա կարող է երաշխավորը չգալ»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ այդ վարկը վերցնելուց 8 ամիս անցել է, հետո է իմացել, որ երաշխավոր է: «Ուրիշ բանկից վարկ եմ ցանկացել վերցնել, առաջին փուլը ստացել եմ, երկրորդ փուլը պետք է ստանայի, ասացին՝ «Արեգակ» վարկային կազմակերպության հետ խնդիր ունես»,- նշեց Գրիգորյանը:

Դրանից հետո գնացել հետաքրքրվել է վարկային կազմակերպությունից եւ իմացել է, որ Հովհաննես Գալստյանի երաշխավորն է: «Գնում հարցնում եմ, Հովհաննես, ես քեզ ե՞րբ եմ երաշխավոր եղել, ասում է՝ դու ինձ երաշխավոր չես եղել, ես ուղղակի համաձայնություն եմ տվել, որ իմ անունով վարկ վերցնի Արսեն Մանուկյանը, մնացածը նա է արել»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանը նշել է, որ իրենից բացի, էլի մարդիկ կան, որ տեղյակ չեն եղել, որ երաշխավոր են: «Հիմա այդ մարդկանց ամբողջ ունեցվածքը կալանքի տակ է դրված», – նշեց Գրիգորյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ համաձայնվել, որ իրենց անունով վարկ վերցնեն, Գրիգորյանը պատասխանեց. «Եղել է սկզբում քիչ մարդուց վերցրել է փոքր թվեր, այնուհետեւ վերադարձրել է, մարդիկ օգուտ չեն ունեցել, պարզապես լավություն են ցանկացել անել, քանի որ արդեն վստահություն է կարողացել ձեռք բերել Մանուկյանը»:

Գրիգորյանը ասաց, որ գործը հետաքննվում է, սակայն արդեն երկար ժամանակ է՝ արդյունք չկա, նա հույս ունի, որ մամուլի հրապարակումից հետո իրավապահ մարմինները կսկսեն գործը արագացնել:

 

Armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով