Հարկայինը տեռորի է ենթարկում փոքր բիզնեսին. Ահազանգ ՓՄՁ-ից

Загрузка...

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները վերջին օրերին ահազանգում են, որ հարկային մարմինները տեռորի են ենթարկում փոքր բիզնեսին՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքներ սահմանելով: Գործարարները գրել են, որ 20 քմ օբյեկտներ ունեցողներին օրերս տուգանել են 600 հազար դրամով: Ըստ նրանց՝ ամեն օր տասնյակներով տուգանքներ են գրվում մարզերում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծված խմբում գործարարները կոնկրետ դեպքեր են ներկայացնում: «Խայտառակ վիճակ է, ՀԴՄ ների տուգանքների տարբերությունը սարսափելի է: Սա արդեն հարկային տեռոր է»,- գրում են գործարարները: Մարդիկ հարցադրում են անում՝ առանց հարկային դաշտի օրենսդրությունը փոփոխելու, որը բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի փոքր ու միջին բիզնեսի համար, ինչո՞ւ են իրենց ստիպում ՀԴՄ կտրոններով աշխատել: Նախկին վերնախավի ու օլիգարխների համար գրված օրենքներով, ըստ գործարարների, այսօր իրենց տուգանում են: «ՀՀԿ-ի գրած օրենքներով մեզ ստիպում են մաքուր աշխատել»,- ասում են նրանք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օրերս լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ ՓՄՁ-ին ստուգելու հրահանգ չկա: «Կա հակառակ հրահանգը, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին հարկային վարչարարությունով ավելորդ ծանրաբեռնել չի կարելի: Եթե մեր աշխատակիցները դա չեն հասկացել, նորից կհասկացնենք, այդ թվում՝ կոշտ կհասկացնենք»,- ասել էր նա:

Տուգանված գործարարներից մեկը Lragir.am-ին ասաց, որ 600 հազար դրամով տուգանել են հանրային սննդի կետերը: Նրա խոսքով՝ առանց նախազգուշացնելու ՊԵԿ-ը միանգամից տուգանքներ է սահմանում, ՀԴՄ տուգանքներն այս օրերին համատարած բնույթ են կրում: Այնինչ, ըստ գործարարի, պետք է նախ և առաջ կարգ ու կանոն, հավասար պայմաններ հաստատել ոլորտում, ինչպես նաև օրենսդրությունը փոփոխել:

«Մարդիկ ասում են՝ միանգամից չես կարող այդ հարցը լուծել, ժամանակ է պետք: Ամեն տարի Հայաստանում հարկային օրենսդրություն են փոխել, խառնաշփոթ է ստեղծվել: Պետք է ստաբիլ վիճակ ստեղծել, հավասար պայմաններ, մարդիկ շահագրգռված են օրենքի դաշտում աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, գործարարի խոսքով, երբ ասում է, որ հրահանգ կա փոքր ու միջին բիզնեսին չնեղել, չի շեշտում ՀԴՄ տուգանքները: Եվ այս օրերին, երբ տուգանվողները հարկային տեսուչներին հարցնում են, թե ինչո՞ւ իրենց ղեկավարության հրահանգներ չեն կատարում, ինչո՞ւ են իրենց տուգանում, տեսուչներն արդարանում են, թե Անանյանի հրանահանգը ՀԴՄ տուգանքներին չի վերաբերում: Գործարարները առաջարկում են, որ նախքան տուգանելը հարկային տեսուչները նախազգուշացնեն մարդկանց, ոչ թե միանգամից բարձր տուգանքներ սահմանեն:

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «բոլորը պետք է ՀԴՄ կտորն տրամադրեն» արտահայտությունը ՊԵԿ-ը ինչպես միշտ սխալ հասկացավ և դարձյալ համատարած տուգանքների ճանապարհով գնաց: Նա նշեց, որ այս օրերին բազմաթիվ զանգեր է ստանում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից, որ ՀԴՄ կտրոնի համար տուգանվել են:

«Կարելի է ասել՝ այս օրերին տուգանքները համատարած բնույթ են կրում: Ես բոլորին կոչ եմ անում ՀԴՄ տրամադրել, բայց մարդկանց մոտ լինում են կիքսեր, իսկ հարկային տեսուչները խառանշփոթի պահին են մոտենում օբյեկտներ ու հարմար պահ գտնում տուգանելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ գործարարներից նաև զանգեր է ստանում, որ հարկային տեսուչներն իրենց սանձարձակ են պահում, տուգանված գործարարներին ասում են՝ սա դեռ առաջինն է, իրենք էլի են գալու տուգանելու:

Ըստ նրա՝ նախքան համատարած տուգանքներ կիրառելը, նախ պետք է ոլորտի օրենքները բարեփոխվեն, մարդկանց հետ պետք է աշխատանք տանել:

“ՊԵԿ-ը պետք է գործարարի հետ աշխատանք տանի, համատարած տուգանելով հարց չի լուծվում: Այդ 150-600 հազար դրամի չափով տուգանքները կարող է մեծ բիզնեսի համար չնչին գումար են, բայց մանր բիզնեսը դրանով կարող է ոչնչանալ: Մանր բիզնեսի ներկայացուցիչներ կան, որ ամսական այդ 150 հազար դրամը տուն չեն հասցնում, չեն վաստակում»,- նշեց նա:

Ըստ Գրիգորյանի՝ մինչև այսօր գործարարը համոզված է եղել, որ իր վճարած հարկերը գնացել են ոմանց գրպանը, հետևաբար, մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, որ իրավիճակ է փոխվել, որ իրենց տված հարկերը վերադառնում են իրենց:

«Ընդամենը երկու ամիս առաջ հարկային ծառայողները 30 տարի աշխատել են հետևյալ սկզբունքով՝ եթե չտուգանես, քո գործը կկորցնես, կարիերայի մասին մոռացիր: Եվ այդ հոգեբանությամբ մարդիկ դեռ աշխատում են այդ համակարգում: Կարելի է այս ՀԴՄ տուգանքները մի քիչ դադարեցնել, մինչև այդ մարդկանց հոգեբանությունը փոխվի, զուգահեռ նաև ՓՄՁ-ի հոգեբանությունը փոխվի: Երկու կողմն էլ պետք է բերվեն մաքուր աշխատանքի դաշտ, չոր ու կոպիտ մեթոդներով հարց չի լուծվում»,- նշեց Սամսոն Գրիգորյանը:

 

Lragir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...