ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Загрузка...

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:

Ձեր աշխատանքային օրը սկսվում ու երբեք չի ավարտվում: Ավելին, նվիրվելով մարդկանց առողջության պահպանման սուրբ գործին՝ դուք ձեր պարտքը սկսում եք կատարել դեռ մինչեւ փոքրիկի լույս աշխարհ գալը եւ դառնում մարդկային յուրաքանչյուր կյանքի ուշադիր ու հոգատար ուղեկիցը:

Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ո՛չ միայն հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը, այլեւ գթասրտությունն ու համբերատարությունը: Ձեր առաքելության հաջող իրականացմամբ են պայմանավորված առողջ ապրելակերպի արմատավորումը եւ բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը: Դրանք պետության սոցիալական քաղաքականության գերակայություն ու հասարակության կայուն զարգացման նախապայման են, որոնց կյանքի կոչելու համար մենք ունենք օրենսդրական անհրաժեշտ գործիքակազմ:

Վստահ եմ, որ այն, զուգորդվելով ձեր նվիրված աշխատանքի հետ, թույլ կտա ունենալ Հայաստանին արժանի առողջապահական համակարգ եւ համաքայլ ընթանալ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներին:

Անկեղծ շնորհակալության ու երախտիքի խոսք եմ ուղղում բոլորիդ` ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար: Ցանկանում եմ, որ միշտ արժանի լինեք ձեր բարձր կոչմանը:

Կրկին շնորհավորելով Բուժաշխատողի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...