«Այս նոր նախարարը կարծես թե ցույց տվեց, որ պատրաստվում է աշխատել». Վովա Վարդանովը՝ բանակում եղած խնդիրների մասին

Загрузка...

«Բանակը կենդանի օրգանիզմ է, որը պետք է միշտ զարգացման մեջ լինի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Հայոց բանակի մարտունակության և բանակաշինության գործընթացի մասին՝ նման տեսակետ հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Հիշեցնենք, որ հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է:

Վ. Վարդանովի խոսքով՝ 2017թ. տեղի ունեցած բարեփոխումներն առողջացնող դեր ունեցան բանակի համար. «Առանց այդ բարեփոխումների՝ բավականին ծանր է եղել բանակի վիճակը: Այն ժամանակ դրա մասին չէինք խոսում, որ հանկարծ մարդիկ պանիկայի մեջ չընկնեին: Քանի որ հիմա այդ հարցը լուծվել է, ես բարձրաձայնում եմ այդ խնդիրների մասին: Բանակը մեռյալ օրգանիզմի տպավորություն էր թողնում այն ժամանակ, անընդհատ նույն վիճակն էր, ոչ մի զարգացում չկար, զարգացումը պատկերացնում էին տեխնիկական նոր միջացների ներդրմամբ, ինչը սարսափելի սխալ բան է: Բանակի զարգացումը տեխնիկական նոր միջոցը չէ, այլ՝ մարդկային ֆակտորի ուժեղացումն է, հասարակության և բանակի կապն ուժեղացնելն է:

Հասարակ մի բան ասեմ. զինվորական է դառնում մի տղա, որը հասարակության մեջ տիպիկ անհաջող կերպար է, ոչ մի բան չանող, անընդհատ հայհոյող՝ «էս ինչ կյանք ա, էթանք Ֆրանսիա, մի հատ հարուստ աղջկա հետ ամուսնանանք», և այլն: Նրանք գնում են բանակ, մի քանի ամիս հետո դառնում են կարգին տղաներ, պաշտպանում են թե՛ իրենց, թե՛ հայրենիքը, թե՛ իրենց ընտանիքը, բայց ավարտելուց կես տարի հետո՝ դառնում են նույն անորակ, հայաթի ջահելներից: Պետք է կամաց-կամաց բերենք նրան, որ բանակի կապը հասարակության հետ դառնա ինչ-որ տեղ փոխկապակցված, միայն հասարակությունը չազդի բանակի վրա, այլև՝ բանակը՝ հասարակության: Այդ ժամանակ բանակի պատճառով կարող է՝ նոր հայի տեսակ ստեղծվի, ինչն անհրաժեշտություն է»:

Հարցին՝ որքանո՞վ է հավանական սահմանում լայնամասշտաբ գործողությունների վերսկսկումը՝ հաշվի առնելով նաև իր կողմից մատնանշված բանակի առողջացման հանգամանքը՝ Վ. Վարդանովն այսպես պատասխանեց. «Լայնամասշտաբ գործողություններ չեմ սպասում: Ճիշտն ասած, ես ապրիլին էլ չէի սպասում, դա շատ անսպասելի եղավ հա՛մ ռազմական ղեկավարության համար, հա՛մ հասարակության այն հատվածների համար, ովքեր քիչ թե շատ հասկանում են ռազմական գործից, որովհետև ոչ մեկը չէր սպասում, որ Թուրքիան կվտանգի ալիևյան ռեժիմը, որը 100 տոկոս Հայաստանի հախից չի կարող գալ:

Բլից-կրիգը Ադրբեջանի «հաքով» չէ: Հիմա, եթե լինի, լինելու է ավանտյուրա, ռեալ պայմանները բարենպաստ չեն թուրքերի համար: Քանի որ մենք պատրաստ չենք հարձակողական գործողությունների, ավելի շատ պաշտպանական գործողությունների վրա ենք շեշտերը դնում, մենք ցանկություն չենք կարող ունենալ լայնամասշտաբ գործողությունների: Կարճ ասած՝ ես չեմ սպասում լայնամասշտաբ գործողությունների, բայց թեթև բզբզոցներ կարող են լինել»:

Հիշեցնենք, որ օրերս Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել էր, որ արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է տեղի ունեցել: Հայկական կողմի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել և կրել են կորուստներ:

«Ապրիլյան գործողություններից առաջ մեզ մոտ ինչ-ինչ սարքեր են փչացել, ինչ-ինչ սարքեր հայտնվել են իբր ականանետային հարվածի տակ: Իրականում, ինձ թվում է՝ դրանք դիվերսիոն գործողությունների արդյունքներ էին: Դա ստեղծում է բարենպաստ պայմաններ նրանց համար, որովհետև քո սարքը չի դիտարկում ավելի խորը կամ չի տեսնում հակառակորդի առաջխաղացում անող գործողությունները: Դիվերսիոն գործողությունը երբեք ուղղված չէ դիրքապահի դեմ, նրանք դրանով ինչ-որ խնդիրներ են լուծում: Դրա համար մենք պետք է միշտ հասկանանք՝ ինչ խնդիրներ են լուծում: Եթե մենք դա հասկանում ենք, համապատասխան տեղերում կարող ենք իրենց սպասել ու ոնց որ կարգն է՝ դիմավորել»,- նշեց Վ. Վարդանովը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ բանակում դեռ աշխատանքներ շատ կան. «Փառք Աստծո, այս նոր նախարարը կարծես թե ցույց տվեց, որ պատրաստվում է աշխատել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...