Ոստիկանությունը հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է և շարունակում է պատժել. Հունան Պողոսյան

Հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ժամանակին իրավախախտումներ կատարած անձինք պատասխանատվության  չեն ենթարկվել, ինչի արդյունքում վարորդական իրավունք չունեցող անձի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում զոհվեց երկու ոստիկան:

«Իրավապահ մարմինների մեղքի վերաբերյալ ես գնահատական տալու իրավասություն չունեմ։ Ես ոստիկանության մասով ասել և ասում եմ՝ ոստիկանությունը հստակ մեղքի բաժին չի ունեցել, բարձրացրեք նախկին տարիներին կատարված վարչական միջադեպերը, քրեական դեպքերը, միշտ ոստիկանությունը կոնկրետ այս վիժվածքներին պատժել է, և շատ հաճախ լրատվամիջոցները, ես չեմ ուզում կոնկրետ որևէ մեկին մեղադրել, բայց հիշում եմ, որ լրատվամիջոցներից ոմանք սրանց նույնիսկ պաշտպանում էին»,- ասաց նա:

«Ազատության» հարցին, որ այսինքն՝ անպատիժ չե՞ն մնացել այս անձինք, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ անպատիժ մնացել են, թե չեն մնացել, չգիտեմ, մեղավորներ եք հիմա ման գալիս։ Ժամանակին, որ օբյեկտիվ լինեիք նաև դուք և գնահատեիք ոստիկանության աշխատանքը՝ մասնավորապես նման բացիլներին վնասազերծելու աշխատանքը, իրենց չծափահարեիք կամ չպաշտպանեիք, այսօր չէինք ունենա այս երկու զոհը, ընդամենը սա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է նրա, որ  հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանի՝ վարորդական իրավունք չունենալուն ու ազատ երթևեկելուն, Հայաստանի փոխոստիկանապետն ասաց. «Դուք գիտե՞ք, թե Հայաստանի Հանրապետությունում քանի վարորդ կա և նրանցից քանիսն են հենց հիմա փողոցում վարում իրենց մեքենաները՝ ոմանք վարորդական իրավունքներ չունենալով»։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին: Բախվել էին BMW X6 մակնիշի և ՃՈ-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը մահացել էր, որոշ ժամանակ անց մահացել էր նաև ՃՈ մյուս ծառայողը՝ Խաչիկ Գասպարյանը: BMW X6-ի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ նրա  2 ուղևորները մարմնական վնասվածքներ էին ստացել:

Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նշենք, որ ՔՕ-ի 242-րդ հոդվածը սահմանում է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, իսկ 244-րդ հոդվածը սահմանում է՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը հայտնաբերվելուց հետո ձերբակալվել է:

 

 

Լուսանկարը ̀ Armenpress-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով