«Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինում հայկական հարց գոյություն չունի. դա հռետորաբանություն է». Թուրք գործիչ

Загрузка...

«Հայ-թուրքական սահմանի բացումն ու կարգավորումը ներկայումս չեն լինի Հայաստանի օգտին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի օրերս արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության համաժողովում անդրադարձել է Հայաստանի դեմ շրջափակմանը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե հայկական Սփյուռքի ճնշման տակ Երևանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետևանքով դուրս է մնացել էներգետիկ, առևտրային ու տրանսպորտային նախագծերից։ «Եվ շարունակելու է դուրս մնալ»,-ասել է Էրդողանը։

Ջենգիզ Աքթարի խոսքով՝ Էրդողանի հայտարարությունը երկու հասցեատեր ունի: Ըստ նրա, առաջինն Արևմուտքն է, որին ստեղծված առիթի դեպքում Էրդողանը ուղերձ է հղում, որ խնդիրը Հայաստանում է և ոչ Թուրքիայում: Երկրորդը, թուրք քաղաքագետի խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ով ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ ներկայացրեց Թուրքիայի իշխանություններին հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:

«Սրանով Էրդողանը փորձում է թաքցնել այն փաստը, որ Հայկական հարցը ժամանակավորապես դուրս է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինից, այն պարզապես չկա, հայ-թուրքական սահմանի բացման հարց Թուրքիայի իշխանությունները երբեք չեն քննարկում, հատկապես՝ Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների առկայության պայմաններում, մերձավորարևելյան, ներկայումս էլ՝ իսրայելական զարգացումների ֆոնին:

Թուրքիայի նախագահը նաև առիթն օգտագործում է վարկաբեկելու համար հայկական Սփյուռքի գործունեությունը, որը մեծ խնդիր է դարձել թուրքական լոբբի համար, թեև վերջին տարիներին հայկական լոբբին ոչ մի հաղթանակի չի հասնում այլ երկրներում հայկական հարցի ներկայացման տեսանկյունից: Մենք ականատես եղանք, թե ինչպես Միացյալ Նահանգներում հայկական սփյուռքի կարծիքը և Հայկական հարցն ընդհանուր առմամբ անտեսվեց նախագահական ընտրություններից առաջ և հետո, ինչը խոսում է Սփյուռքում խնդիրների մասին, թուլության մասին: Այդ տեղեկությունն ամենայն հավանականությամբ վրիպել է Էրդողանի ուշադրությունից, ով շարունակում է կարևորել Սփյուռքի գործունեությունը, փորձելով այն պախարակել»,- ասաց թուրք քաղաքագետը:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների ապագայից՝ Աքթարն ասաց, որ դրանք չեն ունեցել ոչ անցյալ, ոչ ներկա, չեն ունենա նաև ապագա: Նրա խոսքով, ինչպես ՀՀ նախագահն է խոստացել՝ դրանք կհանվեն օրակարգից: «Դա ներկայումս լավագույն լուծումը կարող է լինել, քանի որ ներկայումս Թուրքիան այնքան խճճված է ներքին և արտաքին կյանքում, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու կարգավորումը չեն լինի Հայաստանի օգտին, մեծ ժամանակ է պետք տարածաշրջանի կայունացման համար»,- ասաց թուրք քաղաքագետը:

 

Առավել մանրամասն ̀ սկզբնաղբյուր կայքում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...