Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը

Հայրը՝ Նիկոլայ Զադորնովը (1909-1992), խորհրդային գրող է, Լատվիայի ԽՍՀ վաստակավոր գործիչ (1969), «Ամուր-բատյուշկա» վեպի համար ստացել է երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1952)։ Մայրը՝ Ելենա Զադորնովան լեհուհի էր, ով սերել է լեհական Մատուսևիչ ազնվատոհմից, որի հիմնադիրն էր Ստեֆան Բատորիյը։ Ավարտել է Ռիգայի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ Իր ներկայացումներից մեկի ժամանակ ասել է, որ առաջին անգամ բեմ է բարձրացել 2-րդ դասարանում, երբ խաղում էր շաղգամի դերը։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի օդագնացության ինստիտուտը (ՄՕԻ) ինժեներ-մեքենայագետի մասնագիտությամբ։ 1974-1978 թվականներին աշխատում էր նույն ինստիտուտում՝ «Օդագնացա-տիեզերական ջերմատեխնիկայի» 204-րդ ամբիոնում՝ որպես ինժեներ, հետագայում՝ գլխավոր ինժեներ։

1974 թվականից սկսել է տպագրել իր ստեղծագործությունները։ 1970-1980-ական թվականներին ՄՕԻ-ի ուսանողական թատրոնի բեմադրող ռեժիսորն էր։ Թատրոնի անձնակազմի հետ եղել է ԽՍՀՄ-ի բազմաթիվ անկյուններում, ստացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակ։ 1984-1985 թվականներին՝ «Յունոստ» լրագրի երգիծանքի ու հումորի բաժնի պատասխանատու։

Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1982 թվականին «Ուսանողի նամակը տուն» մենախոսությամբ, սակայն իրական հռչակը ձեռք է բերել 1984 թվականին, երբ Զադորնովը կարդաց իր «9-րդ վագոն» պատմվածքը։ Զադորնովի պատմվածքներն ու մանրավեպերը բեմադրում էին հայտնի դերասաններ, իսկ 1980-ականներից սկսած ինքը սկսեց ներկայացնել իր ստեղծագործությունները։ 1990-ական թվականների ստեղծել է մի քանի հեռուստահաղորդումներ՝ «Անշլագ», «Սմեխոպանարոմա», «Դոչկի-մատերի»:

Միխայիլ Զադորնովը հայտնի է նրանով, որ 1991 թվականի դեկտեմբերի 31-ին 23:45 հենց ինքն է նոր տարվա շնորհավորանքներով հանդես եկել երկրի քաղաքացիների առաջ, այլ ոչ թե նախագահը (դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ դադարել էր գոյություն ունենալ)։ Իր ելույթի ժամանակ, որը ցույց էին տալիս ուղիղ եթերով, այնքան էր տարվել, որ մեկ րոպե ավել է խոսել, այդ պատճառով կուրանտների հեռարձակումը ստիպված կանգնեցվել է։ Բորիս Ելցինի խոսքը նույնպես նկարահանվել և հեռարձակվել է հեռուստատեսությամբ, սակայն Զադորնովի խոսքից հետո։ 2010 թվականի դեկտեմբերի վերջին, Զադորնովը նորից հանդես եկավ շնորհավորական խոսքով, այս անգամ համացանցի միջոցով:

1990 թվականից սկսել են տպագրվել Զադորնովի գրքերը՝ «Աշխարհի վերջը», «Չեմ հասկանում», «Վերադարձ», «Ժամանակաից մարդիկ» կատակերգությունը, «Կոֆտոչկա» պիեսը, «Հզոր երկիր անկանխատեսելի անցյալով», «Մենք բոլորս Չի-չի-չի-պիից ենք», «Փոքրիկ աստղերը», «Զադորինկի»:

1992 թվականին ընդգրկված էր ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայի ժյուրիի անդամների կազմում:

Միխայիլ Զադորնովը «Ոսկե հորթ» և «Օվացիա» մրցանակաբաշխությունների դափնեկիր է։ 1996 թվականին Ռիգայում տեղի ունեցած միջազգային փառատոնի ժամանակ դարձել է Արկադի Ռայկինի գավաթի մրցանակակիր։

Միխայիլ Զադորնովը 2009 թվականի դեկտեմբերին Ռիգայում բացել է Միխայիլ Զադորնովի հոր՝ Նիկոլայ Զադորնովի անվան գրադարան։ Գրադարանը անվճար է և հանրամատչելի:

2010 թվականի մայիսի 27-ին Զադորնովը կանգնեցրել է Ալեքսանդր Պուշկինի դայակ՝ Արինա Ռադիոնովնայի հուշարձանը Վոսկրեսենկոյե ավանում, որը քանդակել է Վալերի Շևչենկոն բրոնզից Արինա Ռադիոնովնայի հասակով՝ 160 սմ։ Հուշարձանը տեղադրվել է Միխայիլ Զադորնովի հիմնադրամի հաշվին:

Կյանքի վերջին տարիներին Միխայիլ Զադորնովը ակտիվ գործունեություն էր ծավալել համացանցում. նա վարում էր անձնական բլոգը:

Միխայիլ Զադորնովը կյանքից հեռացել է 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո։ 2016 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ նա տառապում է գլխուղեղի քաղցկեղով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով