«Իշխանության ներկայացուցիչներ, սա ձեռնտու է ձեզ, ինչո՞ւ եք դեմ քվեարկում». Նիկոլ Փաշինյան

Загрузка...

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման առաջարկով հանդես գալը պարզ պատճառ ունի.  ««Ելք» դաշինքը՝ որպես բազմակարծությունը և քննարկման ոգին գնահատող ուժ, հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է։ Այս պրոցեսի մեջ ՀՀԿ մեծամասնության ներկայացուցիչներն ընկնում են հակասությունների մեջ։ Երբ մենք արձանագրում ենք, որ ԵՏՄ անդամ դառնալուց հետո է, որ հայկական կողմն Արցախի հակամարտության գոտում տարածքային շոշափելի կորուստներ է ունեցել, մեզ ասում են՝ ի՞նչ կապ ունի դա պատերազմի հետ, չէ՞ որ դա զուտ տնտեսական միավորում է։

Երբ բերում ենք տնտեսական վատթարացող ցուցանիշները, և հակափաստարկներ չեն գտնվում, մեզ ասում են՝ բա ինչո՞ւ եք մոռանում անվտանգությունը։ Ասում ենք՝ շատ լավ, բա 2016թ. ԵՏՄ անդամ պետությունն ինչո՞ւ էր 80-ականների զենքով կռվում։ Այդտեղ ասվում է՝ բաներ կան, որ չեն կարող ասել։ Դրա համար, եթե բաներ կան, որ հրապարակային չեք կարող ասել, առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որտեղ նիստերը տեղի կունենան դռնփակ ռեժիմով, որտեղ ձեր ասելիքն ասելու հնարավորություն կունենաք»։

Փաշինյանը նկատեց՝ ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վերջին օրերին որտեղ հարցազրույց է տալիս՝ դեղձի արտահանման «դարակազմիկ փոփոխությունների» մասին է խոսում։ Ապա դիմելով Շիրակ Թորոսյանին՝ ասաց.

«Ես զարմացած եմ՝ դուք ի՞նչ վիճակագրությունից եք օգտվում։ Պաշտոնական վիճակագրությունն այլ բան է ասում՝ 2017թ. 2013թ. համեմատ՝ 9 հազար տոննայով պակասել է ձեր կողմից այդքան թմբկահարվող դեղձի ու չգիտեմ ինչի արտահանումը։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ մեր բերած փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել»։

«Ելք» խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ հայտնվել են վերլուծաբաններ, որոնք ասում են, թե իրենց նախաձեռնությունը ձեռնտու է իշխանությանը.  «Է, չե՞ք տեսնում՝ իշխանությունն ինչ դեմքով է մասնակցում այս քննարկմանը։ Ի վերջո, իշխանության ներկայացուցիչներ, ձեռնտու է ձեզ, ինչո՞ւ եք դեմ քվեարկում, տրամաբանորեն պետք է կողմ քվեարկեք»։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...