Մեղադրանք է առաջադրվել զորակոչային հանձնաժողովի սրտաբանին

Загрузка...

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Ժամկետային զինծառայողը մահացել էր 2016թ. մայիսի 29-ին. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ՊԲ զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի կառավարման կետում: զինծառայողը մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահվան պատճառը եղել է սուր սիրտ-անոթային անբավարարությունը, թոքերի այտուցը:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում՝ «Արտաշատի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ՝ ԷՍԳ քննությամբ, հայտնաբերվել են սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումներ:

Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժիշկը Ս.Մոսիյանին չի ուղեգրել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար։ Փոխարենը, կատարված ոչ լիարժեք բժշկական զննության տվյալների հիման վրա, սրտաբանը եզրակացություն է տվել, որ Ս.Մոսիյանը պիտանի է զինվորական ծառայությանը:

Արդյունքում, տառապելով «առաջնային (իդիոպաթիկ) գերաճական կարդիոմիոպաթիա, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզ» հիվանդությամբ, ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում, Ս.Մոսիյանը 2015թ. հուլիսի 25-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով [Հոդված 315. Պաշտոնեական անփութությունը. 2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով — խմբ.]:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...