Սողանք Հրազդան գետի ափամերձ հատվածում

Մարտի 11-ին, ժամը 11։00-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արզնի 2-Երևան» ջրատարը սողանքի պատճառով վնասվել է. դադարեցվել է ջրագծի շահագործումը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում Քանաքեռավանի ամառանոցների մոտակայքում՝ Հրազդան գետի ափամերձ հատվածում, տեղի է ունեցել սողանք (մոտ 20 մ), ինչի հետևանքով վնասվել է «Արզնի 2-Երևան» ջրատարը (1000 մմ)։
Փրկարարները տեղում իրականացնում են ակնադիտական ուսումնասիրություններ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական և սահած հողաշերտի մաքրման աշխատանքներ, ինչպես նաև ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունի լայնացման և լանջի բեռնաթափման ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով