Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը Վրաստանում մասնակցել է էներգաարդյունավետության բարելավման թեմայով ՄԱԿ-ի աշխատաժողովին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 21-ից 23-ը Թբիլիսիում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից անցկացվող «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի վավերացման աշխատաժողովին: Նունե Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Անդրադառնալով հանրապետությունում կառուցապատման աննախադեպ ծավալներին և այդ թվում՝ ՀՀ կառավարության՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրին՝ կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ էներգաարդյունավետ շենքային պայմանների ստեղծումը նորմատիվ պարտադիր պահանջներից է: Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության խթանմանն ուղղված միջոցառումներից Նունե Պետրոսյանը և ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի փորձագետներն առանձնացրել են քաղաքաշինական նորմերի և օրենսդրական դաշտի արդիականացումը, էներգաարդյունավետության անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի հրապարակումը կոմիտեի կայքում, վերապատրաստումների կազմակերպումը:

Այցի ընթացքում Նունե Պետրոսյանը նաև հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածական պլանավորման և քաղաքաշինության գործակալության պետի տեղակալ Զուրաբ Տիկլաուրիի հետ։ Քննարկվել են տարածական պլանավորման և քաղաքաշինության ոլորտներում երկու պետությունների միջև լավագույն փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր: Դիտարկվել է շինարարության ոլորտում ներդրումների ներգրավման համատեղ ծրագրերի իրականացման, շինարարական ընկերությունների փոխգործակցության ձևավորման հնարավորությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով