Արդյոք իմ աղջկա դին պիտի դառնա ինչ որ ճղճիմ քաղաքական հարց. Արցախցի Հելենի մոր բաց նամակը՝ Փաշինյանին և Միրզոյանին

 

Արեւմտյան Հայաստանից վերադարձող զբոսաշրջիկների միկրոավտուբսուսի Շիրակի մարզում տեղի ունեցած  վթարի հետեւանքով զոհված Արցախի Հանրապետության բնակիչ 20- ամյա Հելենի մայրը` Աքվարդ Սաֆարյանը  բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արդեն  14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի  մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությամբ սարքել են իրենց քաղաքական թեման»: Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է, սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից եւ արցախահայությունից։Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը  մի բան է. 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ:

Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականություները, ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը:

Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործեք Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի:

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Բեռնատարի վարորդի նկատմամբ հետապնդում է հարուցվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով