Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը.Աբրահամյան

Արձագանքելով ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, որում տեսանելի է, թե ինչպես են արցախցիները Հակարի գետի վրա տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետն անցնում` անձնագրային ստուգմամբ և մեքենայի զննությամբ, Արցախի պետնախարարը նշել է, թե ՀՀ-ից «իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների, վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար    Տիգրան  Աբրահամյանը

Միանգամից ասեմ, որ պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ հենց միայն այն տեսանկյունից, որովհետև մեկ շաբաթ է մամուլում, սոցիալական ցանցերում հազարավոր նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էր շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային:
Եվ ամենակարևորը, ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս` մինչև ադրբեջանական անցակետ, ծառայություն են կրում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ ծառայություն են կրում ՀՀ սահմանապահ զորքերը, որոնք բնականաբար տեղյակ էին իրավիճակից:
Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը:
Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը, որովհետև սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով