Այսօր այդ ատելի դրոշը փողփողում է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներում.Ավետիք Չալաբյան

 Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը   գրում է

Հանգստյան օրերին համացանցում չէին դադարում բուռն քննարկումները դրոշի այրման վերաբերյալ, բերած տարբեր ռացիոնալ և էմոցիոնալ փաստարկների տարափը գերազանցեց հնարավոր բոլոր երևակայելի սահմանները: Ինքս էլ համարելով, որ Երևանի կենտրոնում ընդհանրապես չպետք է բարձացվեր թշնամական և մարդատյաց պետական կազմավորման դրոշը, կուզեի այնուամենայնիվ, որ գնահատելով այս գործողության ողջ խորհրդանշական բնույթը, մենք նաև հիմա կենտրոնանաք ավելի կարևորի վրա:
Այսօր այդ ատելի դրոշը փողփողում է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներում, մեր բնակավայրերի՝ Վերին Շորժայի, Ջերմուկի, Իշխանասարի, Տեղի, Որոտանի, Շուռնուխի, Դավիթ Բեկի, Կապանի, Ներքին Հանդի, և շատ այլոց անմիջական հարևանությամբ, թշնամին ոչ միայն առաջացել է այդ ուղղություններով, այլև գործող իշխանության թողտվությամբ ամրաշինվել և ամրակայվել է այնտեղ: Էլ չեմ ասում, որ այդ ատելի դրոշը փողփողում է Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի վրա՝ Շուշի, Հադրութ, Թալիշ, Մատաղիս, Բերձոր, Քարվաճառ, Տող, Խծաբերդ, Ավետարանոց, և տասնյակ այլ հայկական բնակավայրեր թշնամու կրնկի տակ են, պղծված, ստորացված և լքված հազարամյակներով այնտեղ ապրած իրենց հայ բնակիչների կողմից, և թախծով սպասում են իրենց տիրոջ վերադարձին:
Մենք ուստի չպետք է բավարարվենք որևէ կերպ թշնամու դրոշի խորհրդանշական անարգմամբ, դա շատ թույլ սփոփանք է այն վիթխարի կորուստների համեմատ, որ մենք կրել ենք վերջին երեք տարիների ընթացքում: Մեր նպատակը պետք է լինի այդ մարդատյաց, ցավ և ավերածություն բերող դրոշը մաքրել մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունից, յուրաքանչյուր շենից, որտեղ հայ մարդ է ապրել, յուրաքանչյուր եկեղեցուց, որում հայ մարդ է աղոթել, յուրաքանչյուր գերեզմանից, որում հայ մարդ է թաղված, և որի հոգին երկնքից մեզ է նայում և ոգեկոչում հատուցման:
Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք, և ինձ այդ համոզմունքը տալիս են այն հայ մարդիկ, որոնք ինձ շրջապատում են, այն մարդիկ, որոնք այսօր չեն կոտրվում, չեն նահանջում, աշխատում են օրնիբուն, մաքառում են ամեն օր, և օր օրի ուղղում են մեր ծռված մեջքը: Այդ մարդիկ մեր երկրի աղն են, մեր հույսը, և նրանց թիվը աճում է՝ արտերկրից հայրենիք են վերադառնում և գործին կպնում նորերը, ապատիայի թմբիրից արթնանում և գործին կպնում են տեղում եղածները, մեզ միանում են արժանապատիվ և ազատասեր երիտասարդներ, և օր օրի աճում է այն բանակը, որն ազատագրելու է մեր հայրենիքը թշնամական դրոշներից, վերադարձնելու է նրան ազատությունը, արժանապատվությունը և խաղաղ կյանքի բերկրանքը:
Եթե ուժ և կորով ունեք ձեր մեջ, դուք էլ միացեք, գործ յուրաքանչյուրիդ համար կգնվի! Մինչ այդ, բոլորիդ լավ գործնական շաբաթ եմ ցանկանում, գարնանային արևի ջերմությամբ և արթնացող բնության գեղեցկությամբ լի:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով