Անբովանդակ օրակարգն ու իշխանավորների նյարդային ջղաձգումները. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանը աստիճանաբար մեծացնում է իր ագրեսիան, քիչ-քիչ իր զինված ուժերն առաջ է բերում ՀՀ ինքնիշխան տարածքում՝ միաժամանակ նոր պահանջներ ներկայացնելով Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Բաքվի այդ քայլերը ոչ միայն հաշվարկված են, այլև շատ հեռահար նպատակներ են հետապնդում։ Ուստի մեզ համար անցյալից դասեր քաղելն ու ազգային օրակարգի շուրջ համախմբվելը օրվա խնդիր է՝ թշնամուն դիմագրավելու համար պատրաստ լինելու հարցում։ Սակայն տպավորություն է, որ ՀՀ ներկա իշխանությունների «վեջը» չէ: Իսկ քանի դեռ ՀՀ-ն ուշքի չի եկել, Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ ստանալ։

Մյուս կողմից էլ՝ արդեն ողջ հասարակությունը պետք է համախմբված լիներ հայության գոյաբանական խնդրի շուրջ, բայց նույնիսկ շարունակվող կորուստների պարագայում հանրության մի զգալի հատվածի շրջանում լիովին ընկալելի չէ ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը։ Խնդիրն այն է, որ ՀՀ օրվա իշխանություններն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ հանրային կոնսոլիդացիա ուղղակի տեղի չունենա, քանի որ եթե հանկարծ հասարակությունը համախմբվեց ազգային օրակարգի շուրջ, ապա առաջին հերթին իշխող քաղաքական թիմին է հեռացնելու։ Իսկ դա կանխելու համար իշխանությունները կոնկրետ գործողություններ են ձեռնարկում։ Նրանք մի կողմից արհեստական օրակարգեր են ստեղծում, իսկ մյուս կողմից էլ բորբոքում են ներքին ատելության կրակը։ Պատահական չէ, որ ողջ իշխանական լծակները կենտրոնացվել են ընդդիմադիրներին և քննադատական խոսքը ճնշելու գործի վրա։ Բայց դա չի խանգարում, որ իրենք ինչպես ցանկանան, այնպես էլ իրենց պահեն՝ անցնելով բոլոր կարմիր գծերը, չխորշելով ամենանողկալի մեթոդներից։

Օրինակ՝ առիթներ ենք ունենում տեսնելու, թե ինչպես են իշխանականները վիրավորում իրենց ընդդիմախոսներին, բռնություն կիրառելու սպառնալիքներ հնչեցնում, թքում նրանց վրա, հարվածում, բայց իրենց նկատմամբ իրավապահները որևէ գործողություն չեն ձեռնարկում։ Իսկ եթե հանկարծ որևէ ընդդիմադիր նույն կերպ վարվի, ապա իրավապահներն իսկույն գործի կանցնեն ու ամենակոշտ պատիժները կկիրառեն նրանց նկատմամբ։ Ավելին, ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնել, իրավապահ համակարգը գրեթե ամբողջությամբ նստած է սոցցանցային մոնիտորինգի վրա, որպեսզի ընդդիմադիր գրառումներ պեղեն ու դրա հիման վրա քրեական վարույթներ նախաձեռնեն։ Ու, ընդհանրապես, ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի պակաս չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճիշտ է, ժամանակի հետ այդ բոլոր գործերը մեկը մյուսի հետևից «ջրվում» են, քանզի գերակշիռ մեծամասնությունը պարզապես «կարված» է, սակայն կարևորը պատերազմը տանուլ տված, թշնամու առջև կռացած, բայց ներսում «դուխով» իշխանության շոուն է։ Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, որ իշխանությունները ոչ միայն ընդունակ չեն բովանդակություն գեներացնել ու մասնագիտական խորը վերլուծություններով ու քայլերով լցնել հանրային օրակարգը, այլև բոլոր ուղղություններով ձախողումներ են արձանագրում։ Դրա համար էլ նրանք շատ դեպքերում իրողությունները միշտ տանում են լիովին այլ հարթություն, օրինակ՝ յուրաքանչյուր խնդրի շուրջ անընդհատ քարեր են նետում նախկինների «բոստանը», իսկ որոշ դեպքերում էլ մտնում են անձնական դաշտ, խուլիգանական ու սանձարձակ պահվածք դրսևորում իրենց կարծիքը չկիսող անձանց նկատմամբ։ Այս ամենը պատճառ է դառնում քաշքշուկների, լեզվակռվի, հրմշտոցների ու ծեծկռտուքների, ինչին էլ հետևում է սոցցանցային բուռն քննարկումը, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ, ու վիրավորանքներն ու ատելության խոսքը նոր բռնկում է ստանում սոցցանցային հարթակում։

Այն պայմաններում, երբ մասնագիտական ու բովանդակային խոսքը լսողները շատ քիչ են, խուլիգանություններն ահռելի լսարան են ապահովում։ Արդյունքում իշխանություններին հաջողվում է այսպիսի միջադեպերով շեղել հանրության ուշադրությունը երկրի առաջ ծառացած իրական սպառնալիքներից։ Ու ինչքան ժամանակն անցնում է, իշխանություններն ավելի անհանդուրժող ու անհավասարակշիռ են դառնում։ Նույնիսկ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր են նկատում, որ իշխող ուժի ներսում լարվածությունը մեծանում է։ Իշխանավորները դարձել են ավելի ջղագրգիռ ու նյարդային, հաճախ են հոգեխանգարմունքի նոպայի մեջ հայտնվում։ Թե որն է դրա պատճառը, կարելի է միայն ենթադրել, իսկ ենթադրության պատասխանը կարող է տալ ժամանակը, հնարավոր է՝ ոչ հեռու ժամանակը…

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով