«Սոցիալական բևեռվածությունը գնալով խորանում է»․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե պետությունը պետական ծառայողներին ավելի բարձր աշխատավարձ տալու հնարավորություն ունի, անշուշտ, լավ է, որ նրանց եկամուտներն աճեն, իրենց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավվի: Այդուհանդերձ, ըստ իս, այդ բարձրացումը չպետք է արվի պարտքի, պարտքային ռեսուրսների ներգրավման հաշվին, որովհետև հետագայում բյուջետային քաղաքականության տեսանկյունից խնդիրներ են առաջանում: Անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը հարյուր հազարներով, զուգահեռ դիտարկելով քաղաքացիների՝ այդ թվում սոցիալապես խոցելի խմբերի եկամուտների չնչին բարձրացումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Իրականում շատ կարևոր է հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների և սոցիալապես խոցելի խավի՝ նպաստառուների, թոշակառուների եկամուտների փոփոխության համամասնությունը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մեր երկրում այս իմաստով, ցավոք, ոչ բալանսավորված, ոչ համաչափ քաղաքականություն է իրականացվում: Մենք անընդհատ տեսնում ենք, որ թոշակները, նպաստները չնչին չափով են ավելանում: Մինչդեռ պարբերաբար նաև պարգևավճարներ ստացող պետական պաշտոնյաների եկամուտներն անհամեմատ ավելի արագ են աճում, քան թոշակառուների նպաստները: Անցած տարվա սեպտեմբերին թոշակները բարձրացվեցին ընդամենը 3100 դրամով: Եթե համեմատենք միջին թոշակի հետ՝ բարձրացումն ընդամենը 6,5-7 տոկոսի շրջակայքում է, բայց հասկանում ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում գումարային գնաճը եղել է մոտ 20 տոկոս, իսկ պարենային ապրանքների գնաճը 20 տոկոսից անգամով ավելի է եղել: Այսինքն, ակնհայտ է, որ 6,5-7 տոկոսով թոշակների բարձրացումը որևէ կերպ սոցիալական խնդիր չի կարող լուծել»,-շեշտեց տնտեսագետը:

Անդրադառնալով եկամուտների արդար բաշխման խնդրին՝ Կառլեն Խաչատրյանը նշեց. «Երբ ժամանակին անցում կատարվեց պետական ծառայողների աշխատավարձի որոշման գործակցային մոդելին, նպատակը պետական ապարատում աշխատավարձերի բաշխումը քիչ թե շատ տրամաբանական ու կանխատեսելի դարձնելն էր: Մյուս կողմից էլ՝ նպատակը հենց սոցիալական հակակշիռների մեխանիզմը ներդնելն էր: Հիմա, մեծ հաշվով, այդ համակարգն աշխատում է, բայց այստեղ հիմնական խնդիրը պետական ապարատում աշխատավարձերի փոփոխության ու կարիքավոր կամ նպաստառու խմբերի եկամուտների, նպաստների փոփոխության համաչափությունն է, որը միանշանակ չի պահվում: Այստեղ լուրջ ու ավելի գործուն մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա: Այլապես մենք չենք կարողանալու լիարժեքորեն իրագործել այն սոցիալական երաշխիքները, այն սոցիալական քաղաքականությունը, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է սոցիալական բևեռվածության խնդրին, տնտեսագետը նշեց, որ անգամ պաշտոնական վիճակագրությամբ մեր երկրում վերջին տարիներին եկամուտների անհավասարությունը բնութագրող Ջինիի գործակիցը մի փոքր վատթարացել է: «Բացի այդ, եթե հետևենք վարվող տնտեսական քաղաքականությանն ու դրա տրամաբանությանը, ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը ձգտում է տարբեր մոտեցումներով, կոպիտ ասած, հարուստներին ավելի հարստացնել, աղքատներին՝ աղքատացնել: 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, նոր քաղաքական ուժը որոշեց եկամտային հարկը համահարթ դարձնել, որը, փաստացի, բարձր եկամուտ ունեցող անձանց հարկային բեռի թեթևացում էր նշանակում: Հետագայում էլ նույն գնաճային քաղաքականությունը, կորոնավիրուսի փուլում մշակված տնտեսական միջոցառումներն ուղղված էին խոշոր բիզնեսի վճարունակության պահպանմանը, խոշոր բիզնեսի մոտ խնդիրներ թույլ չտալուն և այլն: Այսինքն, մեծ իմաստով, թե՛ պաշտոնական վիճակագրությամբ, թե՛ վարվող տնտեսական քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ կարելի է փաստել, որ այդ բևեռվածությունը գնալով խորանում է»,– հավելեց Կ. Խաչատրյանը:

Խնդիրը, ըստ տնտեսագետի, ընդհանուր առմամբ, արդյունավետ բյուջետային քաղաքականություն իրականացնելու ցանկությունն ու կարողությունն է: «Եթե հստակ նպատակներ դրվեն, եթե որոշակի մշակված քաղաքականություն իրականացվի, անգամ եղած սուղ միջոցների պայմաններում կարելի է ավելի մեծ արդյունքներ արձանագրել, քան այն, ինչ ունենք: Քիչ չեն եղել դեպքերը, երբ թե՛ կառավարության նիստերի ժամանակ, թե՛ տարբեր որոշումներով տեսել ենք, որ պատերազմող երկրում, որտեղ անվտանգային տարրական խնդիրները մինչև վերջ լուծված չեն, ինչ-որ կաբինետներ, նստավայրեր են վերանորոգվում, նոր մեքենաներ են գնում, ավտոպարկ է թարմացվում: Սա, բնականաբար, վկայում է այն առաջնահերթությունների մասին, որոնք կառավարությունը, պատկան մարմինները դնում են իրենց բյուջետային քաղաքականության հիմքում»,-շեշտեց տնտեսագետը:

Անդրադառնալով առաջնահերթությունների խնդրին՝ նա հավելեց. «Երբ, օրինակ, պայմանականորեն, ասում են, որ մարդկանց աշխատավարձերը բարձրացնելով են կոռուպցիայի դեմ պայքարում, այդ դեպքում ինչո՞ւ բժիշկների, ուսուցիչների կամ կոռուպցիոն տեսանկյունից խոցելի այլ բնագավառի աշխատողների աշխատավարձերը այդ հիմնավորմամբ չեն վերանայվում: Կամ դատավորն ու դատախազը, մի քանի հարյուր հազար դրամ ավելի գումար ստանալով, արդյոք հրաժարվելո՞ւ են տասնյակ հազարավոր դոլարի կաշառքից: Սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ պետական քաղաքականությամբ, բայց, ցավոք, նման դիսկուրս գոնե հրապարակային դաշտում տեղի չի ունենում»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով