Երեկ Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան շարունակվող արտաքին քաղաքականության հետևանք է.Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում   է .

Երեկ Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան շարունակվող արտաքին քաղաքականության հետևանք է:
Հարավային Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման վրա կառուցված արտաքին քաղաքականությունը, ցավոք անընդհատ բերելու է նմանատիպ մեծ ու փոքր բախումների: Յուրաքանչյուր անգամ զոհեր տալով` Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը` Հայաստանին: Այնինչ և´ Ալիևը, և´Փաշինյանը դրանով լուծում են ընդամենը իրենց անձնական իշխանությունը պահելու հարցը: Նրանք լավ գիտակցում են, որ ինչ էլ պայմանավերվեն` չեն կարողանալու միաժամանակ գոհացնել և´ Արևմուտքին, և´ Ռուսաստանին: Չեն կարողանալու դրանք կյանքի կոչել նաև երկրի ներսում:
Հետևաբար, «խաղաղության օրակարգն» ի սկզբանե մեծ բլեֆ է: Այնինչ «խաղաղությանը» սպասում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Չկարողանալով դուրս գալ սխալ քաղաքական հետագծից` Նիկոլը և Ալիևը գնացել են իրենց հանրությանը մատաղ անելու ճանապարհով, որովհետև երկուսն էլ ցանկանում են պայմանավորվել առանց անձնական պատասխանատվություն վերցնելու:
Արևմուտքին անհրաժեշտ է ցանկացած գնով տեղավորվել Հարավային Կովկասում, իսկ Ռուսաստանին` ցանկացած գնով թույլ չտալ իր ազդեցության թուլացում: Այդ նպատակներից ելնելով, երկու կողմերն էլ թելադրում են խաղի իրենց կանոնները` ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Առաջիկայում աշխահաքաղաքական խաղը կարող է շատ ավելի ծանր հետևանքների առջև կանգնեցնել մեզ, եթե Արևմուտքում որոշվի Իրանի դեմ գործողություններ սկսել: Սա տարածաշրջանային մեծ պայթյունի սկիզբն է լինելու, որը կարող է էապես փոփոխել տարածաշրջանի պատկերը:
Նիկոլը շատ կցանկանար, որ չմտներ այս խաղերի մեջ, կամ գոնե փոխեր Հայաստանի պարտվողական քաղաքականության էությունը: Սակայն իշխանությունն իր համար ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքերը, կամ Հայաստանի ու Արցախի շահերը: Բազմաթիվ անգամներ ասել ենք և էլի շարունակում ենք կրկնել. անվերջ կորուստներն ու զոհերը դադարեցնելու և արժանապատիվ խաղաղության հասնելու համար Հայաստանն ունի մեկ ճանապարհ` փոխել իշխանությունը: Մյուս ճանապահը մեծ բլեֆի շարունակությունն է, որը կոչվում է խաբեություն: Հանդուրժելով Նիկոլի իշխանությանը, մենք բոլորս զբաղվում ենք ինքնախաբեությամբ:
Փոփոխված իշխանությունը հնարավորություն ունի Հայաստանն ու Արցախը դուրս բերել օտար շահերի բախումների վրա հիմնված տգետ քաղաքականությունից: Եվ քանի դեռ ոչինչ չի ստորագրվել` հնարավոր է իրական բանակցություններ սկսել իրական խաղաղության և հայկական շահերի համադրման հասնելու համար: Այդ պարագայում կփոխվի նաև Ադրբեջանի վարքագիծը, իսկ հակառակ դեպքում` կփոխվի նաև Ադրբեջանի բռնատիրական իշխանությունը: Տարածաշրջանը կարող է նաև խուսափել հետագա առավել ծանր ու կործանարար բախումներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով