Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները.Հենակետ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները հակիրճ ներկայացնում  է Հենակետ  վերլուծական կենտրոնը: 

Ռազմական իրադրություն
• Կիևի իշխանությունները չեն ծրագրում զորքերը դուրս բերել Բախմութից՝ չնայած հսկայական կորուստներին։ «Բախմութը կպահեն, իսկ նա, ով դժգոհում է բարձր գնից և զոհողություններից, չպետք է մոռանա, որ եթե մենք նահանջենք, մեկ այլ քաղաք կդառնա նոր Բախմութ»,- հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: Իսկ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կպահպանեն Բահմութը (Արտյոմովսկ)։
• Փետրվարի 18-ին Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի շատ շրջաններում։
• Տեղական իշխանությունները հայտնում են հրթիռների արձակման մասին։ Հայտնում են Նիկոլաևի շրջանի վրայով Վիննիցայի ուղղությամբ հրթիռների թռիչքի մասին:
• Ուկրաինայի արևմուտքում՝ Խմելնիցկիում պայթյուններ են, Կիևում և հարակից մարզերում էլեկտրաէներգիայի կանխարգելիչ անջատումներ են արվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հրթիռային հարվածների ակնկալիքով։
• Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Կիևը կունենա «Leopard 2» տանկերի առնվազն 2 գումարտակ, ինչպես նաև, 6 կամ 7 գումարտակ «Leopard 1» զինամթերքով: Ուկրաինայի զինված ուժերը կունենան նաև Challenger 2, Abrams և թեթև (անիվային) «AMX-10» տանկեր։
• Ուկրաինայի պաշտպանության նախարարի հրամանով Չեռնիգովի, Ռովենի, Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերի զինկոմիսարիատների 120 աշխատակիցներ կուղարկվեն մարտական գործողությունների գոտի:
• Խարկովի մարզի Պերեմոգիի շրջանում խոցվել է ուկրաինացի զինյալների պաշտպանության 127-րդ բրիգադի կառավարման կետը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն և հավելել, որ Ավդեևկայում ոչնչացվել է հրամանատարական կետ և ազգայնականների զինամթերքի պահեստ։
• «Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման»,- հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ավելի շատ զենք է սպասում, այդ թվում՝ ուկրաինական, տանկեր և զրահատեխնիկա։
• Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում ռուսական կողմը հասցրել է գրեթե 5000 հրթիռային և 3500 օդային հարվածներ։ Նրա խոսքով՝ միայն փետրվարի ընթացքում «շարքից հանվել է» հակառակորդի 6 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ։ Խոցվել է 80 թևավոր հրթիռ և 84 ԱԹՍ։
• ՌԴ ՊՆ-ի տվյալներով Ուկրաինայում ողջ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 387 ինքնաթիռ, 210 ուղղաթիռ, 3222 ԱԹՍ, 405 զենիթահրթիռային համալիր, 7994 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1038 մարտական մեքենա, 4189 դաշտային հրետանի և ականանետեր, ինչպես նաև 8501 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
• Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տարածած հաղորդագրության համաձայն ռուսական կողմը պատերազմի սկզբից մինչև օրս կրել է հետևյալ կորուստները՝ մոտ 146820 մարդ, տանկ` 3363, զրահապատ մեքենաներ` 6600, հրետանային համակարգեր` 2363, ՀԿՌՀ` 474, ինքնաթիռներ` 299, ուղղաթիռներ` 287, օպերատիվ-մարտավարական մակարդակի ԱԹՍ` 2033, թևավոր հրթիռներ` 873, ռազմանավեր` 18, ավտոմոբիլային տեխնիկա և ավտոցիստեռն` 5224, հատուկ տեխնիկա` 229։
Ռազմական աջակցություն Ուկրաինային շահագրգիռ երկրների կողմից
• Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել AMX-10RC անվավոր տանկերի առաջին խմբաքանակը՝ 14 միավոր։ Հաղորդվում է նաև, որ այդ մեքենաների համար ուկրաինական անձնակազմերն արդեն ավարտել են ուսուցումը։ Ֆրանսիան նաև մտադիր է Ուկրաինային տրամադրել 25 միավոր դուրս գրված «AMX-10p» ՀՄՄ-ներ։
• Ֆրանսիան Ուկրաինային է փոխանցել «Akeron» 5-րդ սերնդի հակատանկային հրթիռային համակարգերը, որոնք թույլ են տալիս կրակ վարել փակ դիրքերից (NLOS/տեսադաշտից դուրս), ինչպես նաև «կրակել-մոռանալ» սկզբունքով։
• Սպիտակ տունը ողջունել է այլ երկրների կողմից Կիևին կործանիչների փոխանցման համաձայնությունը, սակայն ԱՄՆ-ը չի պատրաստվում F-16-ներ փոխանցել Ուկրաինային։
• Ուկրաինան մինչև ապրիլ կարող է ստանալ ոչ ավելի, քան 50 տանկ, ինչը դաշնակիցների խոստացածի մոտ մեկ քառորդն է։
• ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տվյալներով 2021 թվականի դեկտեմբերից ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային են փոխանցել հակաօդային պաշտպանության 1170 համակարգ, 440 տանկ, 1510 հետևակային մարտական մեքենա, 655 հրետանային համակարգ։ Այդ տեխնիկայի մեծ մասն արդեն ոչնչացվել է։
• ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գրեթե մեկ միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել զինամթերք արտադրող երկու ընկերությունների հետ: Դա թույլ կտա 155 մմ տրամաչափի հրետանային արկերի թողարկումը հասցնել ամսական 20 հազարի։ Դրանց մի մասը նախատեսվում է ուղղել Ուկրաինային, իսկ մյուս մասը՝ ամերիկյան զինանոցների համալրմանը։
• Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որի մեջ կարող են ներառվել Leopard 2 մարտական տանկերը, սակայն դրանց վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
• Գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնի տնօրենը հայտնել է, որ Gepard զենիթային թնդանոթի համալիրների համար զինամթերքի առաջին խմբաքանակն Ուկրաինա կուղարկվի միայն հուլիսին:
• Պորտուգալիան պատրաստ է մարտին «Leopard 2» տանկեր ուղարկել Ուկրաինա։ Որոշումն ընդունվել է դաշնակիցների և գործընկերների հետ ընթացիկ շփումների շրջանակներում։
• Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունն առաջին անգամ ցուցադրել է «Sikorsky S-70i» (UH-60 Blackhawk) ուղղաթիռը, որը գտնվում է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության զինանոցում: Մարտական գործողությունների գոտում այս ուղղաթիռը դեռ չի նկատվել։
• Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության վեցերորդ փաթեթի շրջանակներում կփոխանցվեն «SAMP-T» և «Skyguard» զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև իսրայելական արտադրության Spike հակաօդային պաշտպանության համակարգեր: Իսրայելը դեռ չի հաստատել պաշտպանական արտադրանքի վերաարտահանման իր թույլտվությունը։
• Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտարարել է, որ հրթիռային հարձակման և ԱԹՍ-ի թռիչքի մասին նախազգուշացնող իսրայելական համակարգը փորձարկվելու է Ուկրաինայում:
• Հունաստանը Ազգային անվտանգության նկատառումներով Ուկրաինային չի փոխանցի իր «C-300PMU1» զենիթահրթիռային համալիրը՝ Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքի պատճառով։
• Շվեդիայի պաշտպանության նախարարությունը չի բացառում Leopard 2 տանկերի փոխանցումն Ուկրաինային՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում։
• Միացյալ Նահանգները 10 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ տնտեսական օգնություն է պատրաստում Ուկրաինային։
• Ավստրալիան Ուկրաինային 33 մլն դոլարի հետախուզական անօդաչու թռչող սարքեր կփոխանցի։
• ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Պենտագոնն այժմ քննարկում է «Abrams» մարտական տանկերը Կիևին փոխանցելու տարբերակները, սակայն դրանք Ուկրաինայում կհայտնվեն ոչ շուտ քան եկող տարի:
Բանակցային գործընթաց
• Հրապարակվել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինական ծրագիրը, որը բաղկացած է 12 կետից։ 1. կրակի և ռազմական գործողությունների դադարեցում, 2. բոլոր կողմերը պետք է ապահովեն սննդամթերքի արտահանումը հացահատիկային միջանցքի շրջանակներում, 3. դադարեցնել միակողմանի պատժամիջոցների կիրառումը, 4. խուսափել ճգնաժամի հետագա սրացումից և դրա վերահսկողությունից դուրս գալուց, միջուկային պատերազմի սպառնալիքից, 5. ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկխոսության շուտափույթ վերսկսում, 6. Հարգել բոլոր երկրների անվտանգության ոլորտում օրինական շահերը, 7. կարգավորել հումանիտար ճգնաժամը և կանխել դրա տարածումը, 8. պաշտպանել խաղաղ բնակչությանը և գերիներին, 9. ապահովել ատոմակայանների անվտանգությունը, 10. նպաստել հակամարտությունից հետո երկրի վերականգնմանը:
• Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինային չեն դրդում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. «Լուրջ երկրներից ոչ ոք մեզ չի ասում, որ պետք է խոսել Պուտինի հետ, քանի որ նրանք տեսնում են, թե ինչ է անում Պուտինը, և համապատասխանաբար հասկանում են, որ այդ ամենն իմաստ չունի»։
• Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն հայտնի չեն ռուս-ուկրաինական պատերազմի «խաղաղության պլանի» կոնկրետ դրույթները, որը նախատեսում է ներկայացնել Չինաստանը, և նա հույս ունի աջակցել ուկրաինական «խաղաղության բանաձևին»: «Ինձ թվում է, որ մեր փաստաթուղթը, մեր «խաղաղության բանաձևը», որին արդեն աջակցել են մեծ թվով պետություններ, և մենք սպասում ենք, որ կաջակցեն ամսի 23-ին, երբ կլինի ՄԱԿ-ի նիստը և համապատասխան բանաձևի քվեարկությունը»։
• Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կոչ է արել անհապաղ դադարեցնել հրադադարը Ուկրաինայում և ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև՝ պատերազմն ավարտելու համար:
Արտաքին քաղաքական իրադրություն
• ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Սաուդյան Արաբիայից և Քաթարից լրագրողների խմբեր այցելել են Բելառուսի Հանրապետության պետական սահմանապահ կոմիտեի Դիվին անցակետ և «Դիվին» սահմանապահ ուղեկալ, որը գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին:
• Իսրայելի արտաքին գործերի նախարար էլի Քոենը Ուկրաինա կատարած իր առաջին այցի ընթացքում կրկնել է Կիևին հրթիռային սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման համակարգ փոխանցելու մտադրությունը, խոստացել է 200 միլիոն դոլար մարդասիրական օգնություն, ինչպես նաև ՄԱԿ-ում աջակցել «Զելենսկու խաղաղ պլանին»:
• Լատվիայի իշխանությունները Ուկրաինային կփոխանցեն հարբած վարորդներից առգրավված ավտոմեքենաները։
• Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է. «Մեզ ռազմավարություն է անհրաժեշտ Ուկրաինայի հարցում։ Մենք կմատակարարենք հեռահար զինամթերք և ՀՕՊ համակարգեր։ Այս ամիս մենք Ուկրաինային մատակարարում ենք այնքան ռազմական տեխնիկա, որքան ամբողջ 2022 թվականին»։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ուկրաինային արգելված կասետային զինամթերք չի մատակարարելու, չնայած Կիևի խնդրանքներին:
• Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության երկրները Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու ձգտումով կարող են հասնել նրան, որ ցանկանան այնտեղ ուղարկել «այսպես կոչված խաղաղապահ զորքեր»։
• Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտարարել է, որ Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կիև: Իսկ Ուկրաինայում աշխատող գերմանացի լրագրող Յուլիան Ռեպկեն պնդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գտնվում է Կիևում։ Վերջինս Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները խոստացել են Ուկրաինային փոխանցել մոտ 700 տանկ, հազարավոր զրահամեքենաներ, ավելի քան 2 միլիոն հրետանային արկ։
• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Արևմուտքն Ուկրաինային որպես խոյ է օգտագործում Ռուսաստանի դեմ՝ այն դարձնելով պոլիգոն: Որքան հեռահար արևմտյան համակարգերը հասնեն Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք սպառնալիքը հեռացնել մեր սահմաններից։
• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Եվրոպայի ամենամեծ պատերազմը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա Ուկրաինայում ռազմական գործողությունները փորձություն է անվանել բոլորի՝ թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի և թե ՆԱՏՕ-ի համար։
• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մոլդովայում ժողովրդավարության և ազատության «հաստատման» կոչ է արել և աջակցել է Քիշնևի նկրտումներին դեպի Եվրամիություն։ Պետության ղեկավար Մայա Սանդուն նույնպես գտնվել է Վարշավայում Բայդենի ելույթի ժամանակ։
• Ռուսաստանը մտադիր չԷ միջուկային զենք կիրառել Ուկրաինայի հակամարտության ընթացքում։ Հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրներն այլևս ի վիճակի չեն հրետանային զինամթերք մատակարարել Ուկրաինային: Զինանոցները սպառված են: Պահանջվում է ավելացնել արկերի արտադրությունը։
• Իրանի ԱԳ նախարարը ծրագրում է մոտ ժամանակներս այցելել ՌԴ, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Ներքին զարգացումներ
• Առաջիկա օրերին Ուկրաինայի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով կոմիտեում կլսեն Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության պարզաբանումները փողոցներում ծանուցագրերի հանձնման աղմկահարույց դեպքերի վերաբերյալ, այդ թվում՝ ուժի կիրառմամբ:
• Դատարանը կալանք է դրել ուկրաինացի հեռուստամեկնաբան և բիզնեսմեն Օքսանա Մարչենկոյի ավելի քան 5 միլիարդ ունեցվածքի վրա։ Դատարանի որոշումը վերաբերում է երեք ընկերությունների բաժնետոմսերի փաթեթներին, որոնք Մարչենկոն տիրապետում է հինգ օֆշորային ընկերությունների միջոցով: Կալանք է դրվել նաև Կիևում և Ղրիմում 10 ավտոմեքենաների, 4 բնակելի տների վրա։ Բացի այդ, առգրավվել են Մարչենկոյի ակտիվները 18 ներդրումային ագրոարդյունաբերական, հեռահաղորդակցության և այլ ձեռնարկություններում։
• Պատերազմի մեկ տարվա ընթացքում ուկրաինացի երեխաների ռումբի ապաստարաններում անցկացրած ժամերի միջին քանակը կազմում է 920 ժամ, հայտնում է Save the Children կազմակերպությունը։ Այս հաշվարկը հիմնված է օդային տագնապների, հրետակոծությունների և այլ ռազմական գործողությունների հաճախականության տվյալների վրա: Այս ժամանակահատվածում Ուկրաինայում հայտարարվել է ավելի քան 16 հազար Օդային տագնապ, որոնցից յուրաքանչյուրը տևել է միջինը մեկ ժամ։ Ինտենսիվ մարտական գործողություններ ունեցող շրջաններում երեխաներ ունեցող որոշ ընտանիքներ ստիպված են եղել օրական մինչև 8 ժամ անցկացնել ռումբի ապաստարաններում՝ առանց պատճառով փողոց դուրս գալու: Ընդհանուր առմամբ, ռումբի ապաստարաններում 920 ժամ մնալը համարժեք է տարեկան մոտ 38 օրվա:
Միջազգային մեդիայի անդրադարձ
• BBC-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական նոր լայնածավալ հարձակումն արդեն սկսվել է. «Ռուսական հարձակումներն արդեն տեղի են ունենում մի քանի ուղղություններից»։
• «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է աուդիտորներ ուղարկել Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտի՝ ստուգելու Կիևին տրամադրված ռազմական և տնտեսական օգնության նպատակային օգտագործումը։
• «Spiegel» գերմանական պարբերականը գրել է, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) ձերբակալված աշխատակցի մոտ, որը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, հայտնաբերվել է վեցանիշ կանխիկ գումար: Որոշ տվյալներով՝ նա պետք է Մոսկվային փոխանցեր տեղեկություններ Ուկրաինայում «IRIS-T» ՀՕՊ համակարգերի տեղակայման վայրերի մասին։
• «La Repubblica» իտալական թերթը հայտնում է, որ Ջորջիա Մելոնիի կառավարությունը դիտարկում է Ուկրաինային «AMX» թեթև գրոհային ինքնաթիռներ կամ «Panavia Tornado» կործանիչ-ռմբակոծիչներ փոխանցելու հնարավորությունը: Ըստ թերթի, այդ մասին պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել Իտալիայի վարչապետի՝ Կիև կատարելիք այցի ընթացքում։
• «Bloomberg» գործակալությունը գրել է, որ Պենտագոնը նախատեսում է Ուկրաինային փոխանցել «JDAM»-ի ուղղիչ ավիացիոն զինամթերքը ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով